Մերձավոր Արևելքի քրիստոնյաները կանգնած են բնաջնջման նույնպիսի վտանգի առջև, ինչպես 100 տարի առաջ Թուրքիայում: Այդ մասին ասել են աշխատանքային այցով Պրահայում գտնվող Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը և Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ կողմերն իրենց մտահոգությունն են հայտնել մեր օրերում քրիստոնյաների բնաջնջման և մշակութային ցեղասպանության կապակցությամբ:
Կարդինալ Դոմինիկ Դուկան ևս մեկ անգամ դատապարտել է հայկական քրիստոնեական հուշարձանների ոչնչացումը:
Շարմազանովը բարձր է գնահատել Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի անձնական ներդրումը երկու քրիստոնյա ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման գործում և երախտագիտություն հայտնել կարդինալին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Պրահայում ներկայացված ցուցահանդեսին մասնակցելու համար:
Ազգային ժողովի փոխխոսնակը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ անցյալ տարի Պրահայի Սուրբ Հոգի կաթոլիկ եկեղեցին անժամկետ օգտագործման համար փոխանցվել է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին:
Կարդինալ Դոմինիկ Դուկան նշել է, որ տպավորված է անցյալ տարի Հայաստան կատարած այցով: Պրահայի արքեպիսկոպոսը կարևորել է աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրի հետ հարաբերությունների խորացումը:
Էդուարդ Շարմազանովը Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդին նվիրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը: