Մատչելիության հղումներ

«Բացառվում է, որ ազատամարտիկը կրակեր նախագահի վրա»


«Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները բողոքում են իրենց մարտական ընկերոջը ազատությունից զրկելու դեմ, 15-ը հունվարի, 2016
«Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները բողոքում են իրենց մարտական ընկերոջը ազատությունից զրկելու դեմ, 15-ը հունվարի, 2016

Նախօրեին ձերբակալված ազատամարտիկի մարտական ընկերներն այսօր հավաքվել էին դատարանի շենքի առջև՝ իրենց զորակցությունը հայտնելու Վլադիմիր Առաքելյանին:

«Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները բացառում են, որ իրենց մարտական ընկերները կարող էին կրակել սեփական ժողովրդի, այդ թվում՝ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի վրա:

Անցած տարվա նոյեմբերի վերջին Երևանի Նորք թաղամասում վնասազերծված զինված խմբի գործի շրջանակներում արդեն իսկ անազատության մեջ են հայտնվել 4 ազատամարտիկներ, այդ թվում՝ «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը, ում նախօրեին են ձերբակալել: Այսօր նրա մարտական ընկերները հավաքվել էին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև՝ իրենց զորակցությունը հայտնելու Առաքելյանին. նրա խափանման միջոցի հարցը, ենթադրաբար, պետք է որոշվեր այսօր:

Սակայն, ազատամարտիկին այդպես էլ դատարան չբերեցին: Պատճառը, ըստ նրա մարտական ընկերների, առողջական խնդիրներն են: Առաքելյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, բայց դժվարացավ ասել, թե հատկապես ինչ պատճառով նրան դատարան չեն բերել: Ազատամարտիկն իր փաստաբանի հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ ինքը կապ չունի զինված խմբի հետ:

Դատարանի բակում հավաքված մի քանի տասնյակ ազատամարտիկներն իրենց մարտական ընկերներին մեկը մյուսի ետևից ձերբակալելու մեջ միտում են տեսնում՝ պնդելով, թե այդպիսով փորձ է արվում «մեկուսացնել պայքարող մարդկանց»: «Շտապ ուզում են ազատվել բոլոր այն ազատամարտիկներից, ովքեր էսօրվա սոցիալ-տնտեսական վիճակը, երկրում տիրող վիճակը չեն ընդունում: Հիմա մենք եկել ենք, բոլորս, ավելի կշատանանք, բոլորին ձերբակալեն և վերջանա․․․»,- ասաց ազատամարտիկներից մեկը:

Գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, ում 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից առաջ Ռոբերտ Քոչարյանն ազատեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, նույնպես պնդում է՝ ազատամարտիկներին հերթով մեկուսացնում են:

«Ովքեր որ տարբեր ակցիաների մասնակցել են, բոլորն էլ հերթով գնալու են: Հանցախումբն էլ սարքովի է, էնպես չի, որ, ասենք, հանցախումբը եղել ա, կամ ինչ-որ մի բան ա եղել ․․․ մարդիկ են եղել, ում որ զանգահարել են, ում հետ խոսել են էդ հանցախմբից, այսպես կոչված, մարդիկ, որոնց հետ խոսել են՝ բոլորին էլ հավաքում են: Ում հետ հեռախոսազրույց են ունեցել․․․»,- ասաց Մելքոնյանը:

Ազատամարտիկ Գառնիկ Սադոյանն էլ, ով ծառայել է ԱԱԾ-ի սահմանապահ զորքերում, «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ զինված խմբի գործի շրջանակներում իրեն նույնպես հարցաքննել են, քանի որ անցած տարվա նոյեմբերի կեսերին հանդիպել էր զինված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանին: ԱԱԾ-ում նրան հարցրել են, թե ինչու իրենց տեղյակ չի պահել այդ հանդիպման մասին: Սադոյանի փոխանցմամբ, մինչդեռ, այն, ինչի մասին ինքը զրուցել է Վարդանյանի հետ, դժվար թե հետաքրքրեր հատուկ ծառայություններին:

«Խոսակցությունը սենց էր գնացել, որ Սիրիայի Քեսաբում ադրբեջանցի և թուրք նայոմնիկները հայկական թաղամասերի վրա հարձակում են գործել: Ասեց՝ կգնա՞ս, ասեցի՝ այո: Հայաստանի ներսի մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել»,- պարզաբանեց Սադոյանը:

Նա անհնար է համարում, որ ազատամարտիկները, այդ թվում՝ երեկ ձերբակալված՝ «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը, կրակեին հայ մարդկանց վրա, ներառյալ՝ Սերժ Սարգսյանը, «ում հետ կռվել են Ղարաբաղի համար»: Սադոյանը պատրաստվում է այդ մասին նամակ գրել Սերժ Սարգսյանին. - «Նախագահին գրելու եմ, որ ասեմ․․․ մենք իրար հետ երեք անգամ հանդիպել ենք, ու նենց տեղերում, որ ինքը չի կարող ինձ չհիշել․․․ որ ասեմ՝ դու ո՞նց ես կասկածում մեր վրա: Դու ախր մեզնից մեկն ես եղել մինչև նախագահ դառնալը, մենք էսօր ո՞նց կարանք քո վրա կրակենք, չի լինելու տենց բան»:

«Արաբո» ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը նշում է՝ չի ցանկանում որևէ մեկին մեղադրել, բայց «եթե մարդկանց բարոյապես ոչնչացնում ես», իսկ «այսօր ազատամարտիկների նկատմամբ հենց դա են անում», ապա պետք չէ զարմանալ, որ նրանք մի օր կարող են զինված խումբ ստեղծել։

«Կարող են և ստեղծել խումբ, կարող են և ուրիշ քայլերի դիմել, ինչի չէ՞ որ: Մարդիկ տանջահար են, մարդիկ սոված են․․․ գիտեք ինչ, ամեն մարդ յուրովի է ընկալում ծանր իրավիճակը: Եթե մարդուն ստորացնում են, կամ չի կարողանում երեխային պահի, նրա հաջորդ քայլը որը կինի՝ դժվար է ասել: Օրենքի խախտո՞ւմ է եղել, ո՞ր օրենքի, հարց եմ տալիս»:

«Ազատության» հիշեցմանը, որ ըստ ԱԱԾ-ի, բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների՝ առանձնակի դաժանության սպանություններ են ծրագրվել, Մանվել Եղիազարյանն այսպես արձագանքեց․ - «Դե էդ տղաներն էլ կարող է ասեն վաղը-մյուս օրը, որ սոված լինելու պատճառով իմ աղջիկը դարձել է մարմնավաճառ, ես ցանկացել եմ վրեժխնդիր լինել: Նա իրավունք ունի՞ այդպես մտածելու: Նա իրավունք ունի՞ ասի՝ վերքերս չեմ կարողանում բուժել, կոպեկ չկա, որ դեղ առնեմ, ստիպված դիմել եմ այդ քայլին: Ի՞նչ բարոյական իրավունք ունեք դուք այդ անձանց մեղադրելու»:

Ազատամարտիկները մեզ հետ զրույցում նաև նշում էին, թե չնչին թոշակ են ստանում, զրկված են բուժում ստանալու հնարավորությունից և, առողջական լուրջ խնդիրներ ունենալով հանդերձ, բժշկի դիմելու հնարավորություն չունեն: Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներն ընդգծում են՝ այսօր Հայաստանում լավ են ապրում և բարձր պաշտոններ են զբաղեցնում նրանք, ովքեր անգամ բանակում չեն ծառայել:

«Էթում ես, ասում ա՝ հա, ճիշտ ա, պատերազմի հաշմանդամ ես, հա, ցավդ տանեմ, հարգում ենք, բայց պալատի վարձը պտի վճարես ․․․ »:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG