Այսօր ադրբեջանական ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Գուբա քաղաքի ճանապարհներին, մեծ թվով ոստիկաններ են կուտակվել նաև «Մեյդան» (հրապարակ) կոչվող տարածքում: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Նախորդ օրերին տեղեկություններ էին հրապարակվում, որ այսօր Գուբայում սպասվում են բողոքի ցույցեր՝ ընդդեմ թանկացումների:
Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա կարգադրությամբ՝ ալյուրի ներկրումը, ինչպես նաև ալյուրի և հացի վաճառքն ազատվել են ավելացված արժեքի հարկից:
Հիշեցնենք, այս օրերին Ադրբեջանի տարբեր բնակավայրերում բողոքի ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ գների կտրուկ աճի, կան տասնյակ ձերբակալվածներ: