Պաշտպանության բանակը միշտ եղել է և կմնա Ղարաբաղի անկախության, անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը՝ ամենայն պատասխանատվությամբ իրականացնելով իր բարձր առաքելությունը ցանկացած պայմաններում: Այդ մասին այսօր ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստի ժամանակ՝ նշելով, որ տարածաշրջանում և աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ բարդ ու լարված, ինչն առաջադրում է նաև ռազմավարական բնույթի նոր խնդիրներ:
Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջև ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Նիստը նվիրված էր Պաշտպանության բանակի 2015 թվականի արդյունքների ամփոփմանը և 2016 թվականի անելիքներին:
Ըստ հաղորդագրության, անդրադառնալով բանակաշինության գործընթացին, Սահակյանը 2015 թվականին իրականացված աշխատանքները գնահատել է բավարար:
Նիստին մասնակցել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտոնատար այլ անձինք: