Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ են Վարդենյաց լեռնանցքը (առկա է բուք) և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Ծիլքար ավտոճանապարհները, Շիրակի մարզի Անիի և Արթիկի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:
Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի Մեղրիի սարում, Սյունիքի մարզի, Գորիս, Սիսիան, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում ձյուն է տեղում:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է կցորդիչով բեռնատարներից բացի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Տրանսպորտի և կապի նախարարությունն, իր հերթին, տեղեկացնում է, որ այսօր ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Արթիկում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Ճամբարակում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, ինչպես նաև Տիգրանաշենի լեռնանցքում տեղում է ձյուն:
Քուչակ-Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Ըստ նախարարության, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: