Մատչելիության հղումներ

Պաշտոնյաների հայտարարագրերը «պետք է ընթերցանության նյութ դառնան իրավապահների համար»


«Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է նոր նշանակումներ ստացած դատավորների եկամուտների հայտարարագրերը։

Սյունիքի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը 2014 թվականին ավելի քան 5 միլիոն դրամ եկամուտով կարողացել է ձեռք բերել բնակարան, ամառանոց և ավտոմեքենա։ Ողջ այս գույքը արժեցել է մոտ 88 միլիոն դրամ, և հենց նույնքան էլ դատավորը նույն տարում նվիրատվություն է ստացել բնամթերքի տեսքով։

Լոռու մարզի դատավոր Սարգիս Երիցյանը մեկ տարվա ընթացքում ավելի քան 28 միլիոն դրամի եկամուտ է ստացել, որից 15-ը՝ նվիրատվությունների տեսքով։

«Որևէ դեպքում նվիրատվության աղբյուրը չի նշվում, և քանի դեռ դա անհայտ է՝ դատավորի անաչառությունը կասկածի տակ է», - ասում է փաստաբան Գևորգ Գյոզալյանը։ - «Այստեղ խնդիրը ոչ միայն դրա ծագումնաբանությունը մաքուր լինելն է, նաև պետք է նայել, թե որքանով դա կարող է ազդել դատավորի անկախության վրա: Որովհետև, ովքեր որ նվիրատվություն են անում, այսպես ասած՝ պահանջի իրավունք են ունենալու այդ դատավորից»:

Գյոզալյանը տարիներ առաջ փորձել է պարզել մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձով ապրող դատավորների հարստացման գաղտնիքը, բայց ապարդյուն։ Անիմաստ համարելով՝ ի վերջո դադարեցրել է ուսումնասիրությունները․ - «Քաղաքական կամք է պետք ուրիշի փողերը հաշվելու և տեսնելու՝ էս մարդը էս գումարը որ ստանում է, որտեղի՞ց է ստանում: Եվ արդյո՞ք էս մարդը էս մարդուց ստացել է, նա կաշկանդված չի լինելու էս մարդու խնդրանքը կատարելու առումով»:

Փաստաբանը մեկ այլ դիտարկում է անում՝ դատավորների հայտարարագրերում նրանց դրամական միջոցները գրեթե չեն պակասում։ Օրինակ՝ դատավոր Սարգիս Երիցյանի միջոցները մեկ տարում կրկնապատկվել են՝ տարեկան 5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորի 50 հազար դոլարը տարեվերջին դարձել է 100 հազար։

«Որտեղի՞ց դատավորներին այսքան գումար․ այս հարցի պատասխանը տարիներ շարունակ հրապարակվող հայտարարագրերը չեն տալիս», - ասում է «Թրանփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ - «Ինչքա՞ն կարելի է անընդհատ հարց տալ ու պատասխան չստանալ․․․ Դրա համար երևի պետք է մոտեցումը փոխվի: Այսինքն ոչ թե անընդհատ հարց տալ, առավել ևս՝ հռետորական, այլ փորձել պատասխան ստանալ, ինչպե՞ս անենք, որ պատասխան ստանանք: Հարցնել՝ ո՞վ տվեց, ինչո՞ւ տվեց, ե՞րբ տվեց և ինչի՞ համար տվեց․․․ Երբ որ կսկսվեն այդ հարցերը տրվել, նաև պահանջել պատասխանները, ու ոչ միայն մի քանի լրագրող ու հասարակական կազմակերպություն, այլ ամբողջ հանրությունը․․․»։

Հիշեցնելով, որ, ըստ վերջին զեկույցների՝ Հայաստանում արդարադատության համակարգը համարվում է ամենակոռումպացվածներից մեկը, Հոկտանյանը փաստում է, որ հանրության վստահությունը ոլորտի հանդեպ չի ավելանա, քանի դեռ իշխանությունները հայտարարություններից հստակ գործի չեն անցել․ - «Խնդիրը սկսում է լուծվել այն ժամանակ, երբ իրավապահ մարմինները սկսում են իրենք կարդալ այդ հայտարարագրերը՝ ասենք, ոստիկանությունը, մանավանդ Հատուկ քննչական ծառայությունը: Եթե դա իրենց համար դառնա ընթերցանության նյութ, այդ ժամանակ երևի սայլը տեղից կշարժվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG