Մատչելիության հղումներ

Նախարարությունը հաստատեց գրիպից մահվան 11-րդ դեպքը


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10.00-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան:

Ըստ հաղորդագրության, թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։

Նախարարության փոխանցմամբ՝ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 114 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։

«Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 1954 թվականին ծնված կին, ով տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ, ուներ շաքարային դիաբետ։ Կնոջ մոտ հաստատվել էր գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը», - ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում երեկ մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 վիրուս չի հայտնաբերվել։

«28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր», - ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը նշում է, որ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին:

«Միաժամանակ, առողջապահության նախարարի հրամանով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող, գրիպի վարակի հետևանքով առաջացած բարդությունների կապակցությամբ հոսպիտալացված Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր սոցիալական և տարիքային խմբերին պատկանող անձանց համար ստացիոնար բուժման փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում», - ասված է հաղորդագրությունում:

Տվյալ թեմայով ռեպորտաժը տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG