Մատչելիության հղումներ

Ավետիք Իշխանյան. «Որևէ առաջարկություն չի եղել և չի էլ լինի»


Ավետիք Իշխանյան, արխիվ
Ավետիք Իշխանյան, արխիվ

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը բացառում է, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո իշխող Հանրապետականն իր թեկնածությունն առաջադրի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։

Խորհրդարանում կոշտ քննադատելով Անդրեասյանի տարեկան զեկույցը` իշխող խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը որպես օմբուդսմենի լավագույն թեկնածու հենց Իշխանյանի անունն էր տվել։

«Շնորհակալություն նրա կարծիքի համար։ Որևէ առաջարկություն չի եղել և չի էլ լինի, խնդրում եմ այդ հարցը փակենք», - «Ազատություն» հետ զրույցում ասաց Իշխանյանը։

Անդրադառնալով Անդրեասյանի հրաժարականին՝ Իշխանյանը ենթադրություն հայտնեց, որ պաշտպանին ստիպել են գնալ այդ քայլին։

«Անկեղծ ասած, երեկ, երբ իմացա, իսկապես անակնկալ էր, բայց երբ որ հետ հայացք նետեցի Ազգային ժողովում քննարկումների ժամանակ նրա զեկույցին, ապա ես մի բան հասկացա, որ կա՛մ նրան ստիպել են հրաժարական տալ, կա՛մ, գիտեք, էսպիսի մի խնդիր կա՝ մեր հասարակությունն էլ ճիշտ չի գիտակցում դա ինչ ինստիտուտ է», - ասաց իրավապաշտպանը՝ մանրամասնելով․ - «Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը պետք է համագործակցի պետական կառույցների հետ, և նրա առաջարկած փոփոխությունները, կամ մարդու իրավունքների խախտումները պետք է շտկվեն իշխանությունների կողմից։ Եթե իշխանությունները նրա գործունեությանը չեն նպաստում և հակառակը՝ նրա դեմ խոսում են, դա նշանակում է, որ չի կարող գործել, և գուցե պատճառներից մեկը այդ էր, որ նա, իմանալով, որ արդյունավետ այլևս չի կարող աշխատել, հրաժարական է տվել»։

«Ես ենթադրություններ եմ անում, ուղղակի ճիշտ կլիներ, որ ինքն ասեր իր հրաժարականի պատճառների մասին, բայց, ցավոք սրտի, Հայաստանում այդ ավանդույթը չկա վերջին շրջանում։ Հովհաննես Մանուկյանը հրաժարական տվեց և բոլորի համար հարցական եղավ՝ ինչի հրաժարական տվեց։ Դրանից առաջ Արմեն Գևորգյանը հրաժարական տվեց, ոչ մեկին հայտնի չեղավ՝ ինչի հրաժարական տվեց», - ասաց իրավապաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG