Թուրքական ոստիկանությունը Անթալիայում Ռուսաստանի երեք քաղաքացու է ձերբակալել։ Ըստ ադրբեջանական contact.az լրատվական գործակալության, նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։
Ոստիկանությունը, սակայն, չի հստակեցնում, թե երբ են ձերբակալվել ռուսաստանցիներն ու արդյոք կապ ունեն Ստամբուլում երեկ տեղի ունեցած պայթյունի հետ։
Երեկ, հիշեցնենք, Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։
Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով Ռուսաստանի իրավասու մարմինը, նշում են, որ Թուրքիայում ձերբակալված երեք անձինք կապեր ունեն ահաբեկչական տարբեր խմբավորումների հետ։ Ըստ նույն աղբյուրի, նրանցից մեկի նկատմամբ նույնիսկ միջազգային հետախուզում է հայտարարված։
Ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, ձերբակալվածներից երկուսը մի քանի տարի առաջ լքել են Ռուսաստանի տարածքը՝ հայտարարելով, թե մեկնում են Մերձավոր Արևելք՝ ուսում ստանալու։