Մատչելիության հղումներ

«Քստմնելի հանցագործությանը կտրվի վճռական պատասխան»


Գերմանացիները միգրանտների դեմ բողոքի ցույցեր են անցկացնում: Քյոլն, 9-ը հունվարի, 2016թ.
Գերմանացիները միգրանտների դեմ բողոքի ցույցեր են անցկացնում: Քյոլն, 9-ը հունվարի, 2016թ.

Եվրոպայում օտարատյացության ալիք է բարձրանում։

Գերմանիան առայսօր ուշքի չի գալիս Ամանորի գիշերը Քյոլնում տեղի ունեցածից։ Հազարավոր գերմանացիներ դուրս են գալիս փողոցներ, պահանջում են խստորեն դատապարտել Քյոլնի հանրահայտ տաճարի մոտ ամանորյա տոնախմբությունների ժամերին խուլիգանների գործողությունները անպաշտպան կանանց նկատմամբ։

Ավելի քան 500 կին ենթարկվել է հարձակման, նրանց կողոպտել են, վիրավորել, ստորացրել, ծեծել, շատերին բռնաբարել են։ Զարհուրելի արարքների հեղինակների գերիշխող մեծամասնությունը Գերմանիայում ապաստանելու նպատակով ժամանած միգրանտներ են, և բնական է, որ նման քաոսային իրավիճակում հնչում են օտարներին արտաքսելու, գաղթականներ չընդունելու կարգախոսներ։

Այլազգիների մուտքը դատապարտող քաղաքական շրջանակներն ընդգծված չարախնդությամբ ասում են, թե բազմիցս ահազանգել, նախազգուշացրել են երկրին սպառնացող վտանգների մասին, սակայն Անգելա Մերկելի կառավարությունն անտեսել է այդ ամենը, և հիմա շարքային գերմանուհիներն են տուժում։

Կանցլերն անցած շաբաթ օրը Մայնցում Քրիստոնեա-դեմոկրատական միության շրջանային ժողովում ասել է, որ դաշնային իշխանությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ, օրինազանց ներգաղթյալները կզրկվեն ապաստանի և բնակության իրավունքից։

«Ամանորին տեղի ունեցած քստմնելի հանցագործություններին օրենքի ողջ խստությամբ կտրվի վճռական պատասխան», - խոստացել է Մերկելը։

Նա ասել է, որ կառավարությունը պետք է ոչ թե խոսքով, այլ գործով արձագանքի տեղի ունեցածին։

Կապը կտրած սրիկաները ոչ միայն Քյոլնում են հարձակվել կանանց վրա։ Միգրանտների կողմից հարձակումների ենթարկվելու փաստով իրավապահներին դիմումներ են ներկայացրել 130 կին Համբուրգում։ Ընդ որում, ըստ Reuters-ի, այդ կանանց առնվազն 40 տոկոսը դիմումներում հենց սեռական բնույթի հարձակման ենթարկվելու մասին է գրել։

Նման միջադեպեր են տեղի ունեցել նաև գերմանական այլ քաղաքներում։ Առաջնորդվելով քաղաքական պարկեշտության կանոններով, գերմանացի իրավապահները խուսափում են գրոհներն արաբ կամ աֆրիկացի ներգաղթյալների հետ կապելուց, թեպետ հանրությունն այդ կապը կասկածի տակ չի դնում։

Գերմանական մամուլում նշում են, որ Մերձավոր Արևելքից ժամանած մարդիկ, ամենայն հավանականությամբ, սոցիալական ցանցերի միջոցով են այդ կարգի համակարգված գրոհներ կազմակերպել։ Ընդ որում այդ վայրագություններին մասնակցելու համար սոցցանցերով հրավեր են ուղարկել նաև Բելգիայում և Ֆրանսիայում ապաստանած երիտասարդ միգրանտներին։

Գերմանացիներից շատերն են անկեղծ վիրավորված․ - «Ուրեմն մենք ձեզ ընդունել ենք, ապաստան և սնունդ ենք տվել, դուք էլ այդպե՞ս եք ձեր երախտագիտությունը հայտնում»։

Միգրանտների դեմ խիստ ելույթներ են ընթանում ոչ միայն Գերմանիայում, այլև Շվեյցարիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում։

Հարկ է նշել, որ Գերմանիայում միգրանտների դեմ բողոքներին զուգահեռ ցույցեր են անցնում նաև հակառակ կարգախոսներով․ այս հավաքների մասնակիցները պնդում են, որ չնայած Քյոլնում տեղի ունեցած աղաղակող վայրագություններին, Գերմանիան այդուհանդերձ պարտավոր է սատարել կարիքի մեջ հայտնված միգրանտներին և բոլորին անխտիր չպիտակավորել որպես ավազակների ու հանցագործների։

Մտահոգված են Չեխիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում։ Լեհաստանի պահպանողական վարչապետ Բեատա Շիդլոն ասել է, թե Քյոլնի դեպքերը «պետք է սթափեցնեն բոլորին»։

Առիթից օգտվել է նաև բրիտանացի աջակողմյան քաղաքական գործիչ Նայջել Ֆարաջը, ով Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս հանելու գաղափարի ջատագովն է։

«Քյոլնը մեր սահմաններից հեռու չէ։ Այդ միգրանտների մոտ դեռ չկան Եվրամիության անձնագրեր, բայց շուտով կլինեն», - ասել է Ֆարաջը։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիտսոն հայտարարել է, թե իր երկիրը պարզապես չի կարող ընդունել հարյուր հազարավոր միգրանտների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG