Մատչելիության հղումներ

Պուտին․ Ցանկացած ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս Bild-ին, 5-ը հունվարի, 2016թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս Bild-ին, 5-ը հունվարի, 2016թ․

Երկակի չափանիշներ կիրառելու մեջ, սակայն, Մինսկի խմբի համանախագահ պետության ղեկավարը Արևմուտքին է մեղադրում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթ գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում Ղրիմի մասին խոսելիս կարևորել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Պուտինը պնդել է, որ Ռուսաստանը չի խախտել միջազգային իրավունքի նորմերը Ղրիմում: «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի», - ասել է նա և համեմատական տարել Կոսովոյի հետ՝ «եթե Կոսովոյի բնակչությունը ինքնորոշման իրավունք ուներ, և այս մասին ժամանակին բարձրաձայնում էին արևմտյան լիդերները, ինչո՞ւ նման իրավունք չունի Ղրիմի բնակչությունը» տրամաբանությամբ:

«Ինձ համար Ղրիմը տարածք չէ, այլ՝ երկուսուկես միլիոն մարդկանց ճակատագիր: Դա ասելով՝ ես հասկանում եմ միլիոնավոր մարդկանց, ովքեր վախեցած էին Ուկրաինայում պետական հեղաշրջումից», - հայտարարել է Պուտինը և հավելել, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին արդար որոշում էր․ - «Ի՞նչ ենք մենք արել, չենք պատերազմել Ղրիմում, կրակոցներ չեն եղել, և ոչ մի մարդ չի զոհվել՝ ոչ մի զոհ: Մենք օգտագործել ենք մեր ռազմական ուժերը միայն նրա համար, որ զսպենք Ղրիմում գտնվող Ուկրաինայի շուրջ 20 հազար զինվորներին, որպեսզի նրանք չմիջամտեին, և բնակչությունը հանրաքվեին ազատ մասնակցելու իրավունք ունենար: Ղրիմի բնակչությունը որոշել էր միանալ Ռուսաստանին»:

Նշենք, որ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր ղարաբաղյան կարգավորման խոսելիս պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ խնդրի կարգավորման հիմքում պետք է լինեն միջազգային երկու սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը:

Իր հարցազրույցում, սակայն, երկակի չափանիշներ կիրառելու մեջ Ռուսաստանի նախագահը Արևմուտքին է մեղադրում:

Այս տարվա իր առաջին հարցազրույցում Պուտինը արևմտյան պատժամիջոցները որակել է հիմար և վնասակար՝ համոզմունք հայտնելով, որ ռուսաստանյան տնտեսությունը առաջիկայում վերելք է ապրելու:

Ի դեպ, դոլարն այսօր արժե արդեն 76 ռուբլի:

Եվրոպայում առկա ճգնաժամի համար էլ Ռուսաստանի նախագահը մեղադրել է ՆԱՏՕ-ին՝ հայտարարելով․ - «Եթե Հյուսիսատլանտյան դաշինքը չընդլայնվեր և միայնակ իշխելու մտադրություն չունենար, նման ճգնաժամեր Եվրոպայում չէին լինի»:

«Մեր ամենամեծ սխալը այն էր, որ մենք մեր ազգային շահերի մասին չենք բարձրաձայնել դեռևս 25 տարի առաջ [ԽՍՀՄ-ի փլուզումից հետո]», - ասել է Վլադիմիր Պուտինը:

Ինչ վերաբերում է Մինսկի համաձայնագրերին՝ Ռուսաստանի նախագահը պնդել է, որ դրանք չի կատարում Կիևը և ոչ թե Մոսկվան: Պուտինը փորձում էր գերմանացի լրագրողներին համոզել, որ նախ պետք է փոխվեր Ուկրաինայի Սահմանադրությունը մինչև 2015-ի վերջը, հետո փակվի ռուս-ուկրաինական սահմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG