Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցած գիշեր շարունակվել և ներկայում էլ չընդհատվող ժամանակացույցով ընթացքի մեջ են փողոցների ու մայթերի, ինչպես նաև միջբակային և բակային տարածքների ձյան մաքրման ու ձնահեռացման աշխատանքները:
«Երևանի ավագանու որոշման համապատասխան՝ ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են իրականացնում նաև մասնավոր ընկերություններն ու բազմաթիվ տնտեսվարողներ: Միաժամանակ իրականացվում են մայրաքաղաքի փողոցներում կուտակված ահռելի քանակությամբ ձյան տեղափոխման աշխատանքներ»,- հայտնում է քաղաքապետարանը։
Երևանում միաժամանակ հեռացվում են նաև շենքերի տանիքներից կախված սառցալեզվակները։ «Գործընթացը մեկնարկել է կենտրոնական փողոցներում, որտեղ հետիոտնի անցուդարձը համեմատաբար ավելի աշխույժ է: Այդուհետ աշխատանքները կտեղափոխվեն համայնքային նշանակության երկրորդական փողոցներ ու բակային տարածքներ»,- ասված է հաղորդագրությունում։
Բոլոր դեպքերում Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել զգուշություն և այս օրերին հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ անցուդարձից։