Հնդիկ զինվորականներն այսօր Պակիստանին սահմանամերձ Պաթհանկոթ ռազմաօդային կայանում սպանել են չորս զինյալների` ենթադրաբար իսլամիստական խմբավորման անդամների:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ փոխհրաձգության ժամանակ զոհվել են երկու հնդիկ զինծառայողներ:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը BBC-ին փոխանցել է, որ ռազմակայանի տարածք ներխուժած զինյալներին չի հաջողվել հասնել այն հատվածը, որտեղ գտնում են գրոհային ուղղաթիռներն ու այլ ռազմական տեխնիկան:
Հարձակումը տեղի է ունեցել Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները բարելավելուն ուղղված ջանքերի ֆոնին: Անցած շաբաթ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անակնկալ այցելել էր Պակիստան և բանակցել պակիստանցի գործընկեր Նավազ Շարիֆի հետ: Այս ամիս ավելի ուշ նախատեսված է երկու երկրներին արտգործնախարարների հանդիպումը Իսլամաբադում: