Մատչելիության հղումներ

Ամանորյա առևտրից դժգոհ են և՛ վաճառողները, և՛ գնորդները


Երևանյան շուկաներում նախորդ տարիների նման ապրանքն առատ է։ Ամեն ինչ կգտնես, անգամ Սևանի արգելված սիգ կա՝ ինչքան ուզես։ Հատկապես մրգի ու բանջարեղենի գներն էլ նախորդ տարվա համեմատ որոշ չափով էժան են։ Սակայն գնորդներն ապրանքի թանկությունից ու փողի բացակայությունից են դժգոհ, վաճառողները` գնորդների պակասից։

«Էս տարի ժողովուրդը փող չունի, քյասիբացել են, չկա՛»,- բողոքում է վաճառողը։

«Երկու հատիկ համեմը 300 դրամ ա։ 300 դրամ աշխատելը թոշակառուի համար հեշտ ա՞»,- դժգոհում է գնորդը։

«Մի կերպ հասցնում ենք ծերը ծերին, զոռով։ Սաղ տարի չենք ուտում, չենք անում, որ տարվա վերջին գոնե մի բան ունենանք սեղանին, ուրիշներից հետ չմնանք»։ «Մի օր ուտում ենք, մի ամիս մարսում։ Լա'վ մնացեք։ Ձեզ ուրախ Նոր տարի»,- հեգնում է թոշակառու կինը։

Արտաշատցի Սիրեկանը մրգային խյուսով պատրաստված ընկույզի շարանը դարսել, գովազդում էր, գնորդներ հրավիրում, բայց միևնույն է ասում էր՝ առևտուրը նորմալ չէ։ Անցած տարի 1000 դրամով վաճառված ապրանքն այսօր 600-ով հազիվ է իրացնում։

«Անցած տարի 40 կիլո էի ծախում օրը, էս տարի՝ 20 կիլո։ Համ ժողովուրդն ա քչացել, համ էլ հաշվարկով են առնում, 1-2 նուռ են առնում։ Վատ ա»։

Երևանցի Լյովան շուկայից բարձրորակ ապրանք էր գնում ու թանկ վճարում։ Ասաց՝ ոսկյա իրերի դիզայնով է զբաղվում։ Բայց նշում է՝ մասնագիտությամբ՝ առանց դրսից ստացվող օժանդակության, մեծ ծախսեր չէր անի։ Արտերկրում հարազատներ ունի։ Նրանք են օգնում, ասում է.- «Որ նայում ես ժողովուրդը սոված ա ու դու յոլա ես գնում, դա էլ մի բան չի։ Դա ավելի ճնշող ա»։

Բայց միևնույն է՝ շուկաներում ու սուպերմարկետներում եռուզեռ կա։ Բոլորը շտապում են, հունվարի 1-ը պետք է լիքը սեղաններով դիմավորել։ Ամանորն արժանավայել անցկացնելու համար անգամ տոկոսների տակ ընկնելու ավանդույթը Հայաստանում շարունակվում է, չնայած բոլորը քննադատում են։

«Իմ աշխատողներից մեկը վարկ ա վերցրել, որ Նոր տարի անի։ 200 հազար էր ուզում, 100 տվեցին։ Հիմա պետք ա դրա մեջ տեղավորվի։ Եթե էդ մեկին ես գիտեմ, բա ինչքա՞ն կարող են լինել նմանները»։

Երևանի մոտակա գյուղերի բնակիչները նախատոնական օրերին Երևանի շուկա էին բերել իրենց ապրանքը։ Ասում են՝ նախորդ ամիսներին արգելել են իրենց շուկա մտնել, դեկտեմբերի 26-ից սկսած, երբ պահանջարկը մեծացել է, Նոր Նորքի շուկայի մերձակա մայթին՝ ձյան տակ կանգնելու և ապրանք վաճառելու թույլտվություն են տվել։ Ցրտի պայմաններում սեփական ապրանքը վաճառելու համար օրական 1000 դրամ են վճարում։

«Չգիտենք՝ ում ենք վճարում, բայց ամեն օր նույն մարդիկ գալիս, իրենց 1000-ները հավաքում, գնում են։ Կապ չունի՝ ինչ պայմաններում եք կանգնում ստեղ։ Հսկիչ են, ինչ են, չգիտենք»։

Նոր Նորքի շուկայի տարածքում շինարարություն է ընթանում։ Հարևանությամբ գործող սուպերմարկետն են մեծացնում։ Գյուղացիները մտավախություն ունեն, թե շինարարության ավարտից ու ահռելի չափերով կառուցվող սուպերմարկետի գործելուց հետո իրենք ընդհանրապես շուկա մուտք չեն ունենա։

«Շինարարությունից հետո մեզ ստեղից կհանեն։ Գյուղացիներին չեն թողնի կանգնեն, որովհետև իրանց Սիթիներին խփում ա։ Գյուղացին իրա ապրանքը չի կարա ծախի»։

«Ստիպված շատ էժան տալու ենք իրենց։ Ասենք, Սիթիի տերը գալիս ա Գառնի, խնձորը առնում ա 150-ով։ Ես ստեղ գոնե 200-ով եմ վաճառում։ Ինքը 150-ով առնում ա տոննաներով, բերում ա՝ 350-ով վաճառում։ Որ իմանամ գոնե 200-ով շուկայում կվաճառեմ, 150-ով տնից հաստատ չեմ տա, բայց իրանց ձեռնտու ա, որ գյուղացին շուկայից դուրս գա»։

Նոր Նորքի շուկայում հայ վաճառողների հետ կողք-կողքի գնչուներ կային՝ Մոլդովայից ու Բուլղարիայից։ Մի քանի ամիս առաջ են Հայաստան եկել։ Կաշվե իրեր և օծանելիք են բերել վաճառելու։ Գնչու Վասիլիին այնքան է դուր եկել Հայաստանը, որ մտադիր է այստեղի մշտական բնակիչ դառնալ, քաղաքացիություն ձեռք բերել։ Ամանորը Երևանում է անցկացնելու։

«Շատ լավ ա, շատ լավ ա»,- գովում է Վասիլին։ Ասում է՝ Հայաստանը աղքատ երկիր է, բայց Մոլդովայում վիճակն ավելի վատ է։ 100 օծանելիք է ունեցել, երկու օրվա ընթացքում Երևանում 70-ն արդեն վաճառել է։

«Բոլորն ասում են՝ փող չկա, փող չկա, բայց լավ էլ փող կա։ Պարզապես հայերը ժլատ են»,- ասում է գնչու Վասիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG