Մատչելիության հղումներ

Վարչապետ․ «Մուտք ենք գործում 2016 նոր հաջողությունների հաստատակամությամբ»


2015 թվականն աշխարհաքաղաքական և տնտեսական բարդ իրավիճակներով ու զարգացումներով լեցուն տարի էր, Հայաստանը ևս անմասն չմնաց արտաքին մարտահրավերների բացասական ազդեցությունից: Այդ մասին իր ամանորյա շնորհավորական ուղերձում գրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ շարունակելով․ - «Ի հեճուկս ոչ լավատեսական կանխատեսումների՝ ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ և հաշվարկված քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ»:

Նշելով, որ գալիք 2016 թվականը հոբելյանական տարի է հայ ժողովրդի համար՝ հանդիսավորությամբ նշվելու է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձը, վարչապետը վստահեցնում է, որ եկող տարի «կառավարությունը շարունակելու է հետևողական ջանքեր գործադրել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի և պայմանների բարելավման ուղղությամբ»:

«Համոզված եմ, որ մեր երկիրը՝ կառավարության նպատակային և հստակ գործողությունների շնորհիվ մրցունակ տնտեսությամբ շարունակելու է հաստատուն կերպով առաջ ընթանալ` դեպի ավելի հզոր և ժողովրդավարական Հայաստան», - ասված է Հովիկ Աբրահամյանի ուղերձում:

«Մենք մուտք ենք գործում 2016 թվական՝ նոր հաջողություններ արձանագրելու հաստատակամությամբ», - կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG