Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 4-ամյա երեխայի՝ էլեկտրահարվելու հետևանքով մահանալու դեպքի հանգամանքները: Անզգուշությամբ երեխային մահ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ, 59-ամյա Ռ. Միքայելյանին, փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հաղորդագրությունում ասված է․ - «2015թ. հունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել, որ նույն օրը «էլեկտրահարություն» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 4 տարեկան տղան, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ: Քննությամբ պարզվել է, որ երեխան էլեկտրահարվել է Շինարարների 29 շենքի բնակիչներից մեկի կողմից շենքի բակում գտնվող ավտոտնակի տանիք բնակարանից տարված հոսանքալարով: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոտնակ իր բնակարանից օդային ճանապարհով էլեկտրական հաղորդալարի միջոցով էլեկտրականություն է անցկացրել նույն շենքի բնակիչ Ռ. Միքայելյանը»։
Նախնական քննության տվյալներով՝ էլեկտրականությունն անցկացնելու ընթացքում չեն պահպանվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատված՝ «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման» կանոնների պահանջները, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության 4 տարբեր որոշումներով հաստատված տեխնիկական կանոնները: Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մինչև երեխայի էլեկտրահարվելը, Միքայելյանը չի դիմել համապատասխան իրավասու մարմիններին՝ նշված հոսանքալարը կառավարության որոշումներով հաստատված տեխնիկական պայմաններին համապատասխանեցնելու համար: Արդյունքում՝ հունիսի 4-ին ժամը 18-ի սահմաններում 4-ամյա Արենն իր ավագ եղբոր՝ 6-ամյա Արթուրի և նույն շենքի բնակիչ մեկ այլ երեխայի հետ բարձրացել են նշված ավտոտնակի տանիք՝ խաղալու: Իջնելիս 4-ամյա երեխան ձախ դաստակով բռնվել է ավտոտնակի կանգնակի ներքևի մասում գտնվող վնասված մեկուսապատվածքով հաղորդալարերի կտորների միացման հատվածից, որը գտնվել է 220Վ լարման տակ, ինչի հետևանքով երեխան էլեկտրահարվել է և մահացել, փոխանցում է Քննչական կոմիտեն:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռ. Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով` «անզգուշությամբ մահ պատճառելը»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան։