Ադրբեջանը կոչ է անում ակտիվացնել աշխատանքը բանակցությունների սեղանին գտնվող առաջարկների վրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ստատուս քվոյի փոփոխության համար: Այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Հայկական զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական օկուպացված տարածքներից», ըստ նրա, կարող էր վերացնել լարվածությունը, բարենպաստ հող ստեղծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:
Մամեդյարովը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ «Հայաստանը ավելի քան 20 տարի չի օգտվել այդ հնարավորությունից», և վստահեցրել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն ու արտգործնախարարները «բազմիցս հայտարարել են ստատուս քվոյի անթույլատրելիության մասին, և այն պետք է փոխվի»:
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ զորքերի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի խախտումների դեպքերը իրականում երբեք չեն դադարել, և պատերազմը շարունակվում է արդեն 20 տարուց ավելի: Դրա գլխավոր պատճառը, ըստ Մամեդյարովի, «Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի զինված ուժերի առկայությունն է», և առանց այդ զորքերի դուրսբերման «չի կարելի խոսել հետևողական խաղաղության ապահովման մասին», «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Տե՛ս նաև այստեղ