Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որդիների հետ միասին, Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է 38 հազար լուսադիոդային լամպերով ու շուրջ 500 խաղալիքներով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, լույսերի միացմանը զուգահեռ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:
Երևանի ամանորյա տեսքն ապահովել են 987 փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվել են բոլոր վարչական շրջանների ավելի քան 50 փողոցներում։ Գեղարվեստական լուսային ձևավորում են ստացել նաև 1700-ից ավելի ծառեր բոլոր վարչական շրջաններում։