Մատչելիության հղումներ

Մամեդյարովը «երկրորդական» է որակում շփման գծում միջադեպերի քննության հարցը


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

«Ակնհայտ է, որ բանակցային գործընթացում կոնկրետ առաջարկների առկայության դեպքում դրանցից որևէ մեկը չի արտացոլվում Հայաստանի հնչեցրած հայտարարություններում: Փոխարենը, Հայաստանը տարբեր հնարքներ է կիրառում` օրակարգում ընդգրկելով, ասենք, շփման գծում միջադեպերի հետաքննության և մյուս երկրորդական հարցերը», - այսօր Բաքվում AzerTag գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Կրկին հիշատակելով անցած աշնանը «ռուսական կողմից ներկայացված» կարգավորման առաջարկների մասին՝ նա ասել է․ - «Այդ առաջարկների հիմքում Մադրիդյան սկզբունքներն են: Դրանց նորացված տարբերակը վեց կետից է բաղկացած, և դրանք լայն հանրությանը հայտնի են, դրանցից է հայկական ուժերի փուլային դուրսբերումը Լեռնային Ղարաբաղին հարող օկուպացված շրջաններից և այլ հարցեր», - հայտարարել է Մամեդյարովը՝ հատուկ ընդգծելով․ - «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետության` Ռուսաստանի` հարցի կարգավորմանն ուղղված ջանքերը»:

Մամեդյարովը նաև քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ հայտարարելով․ - «Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Հայաստանի կողմից ձեռնարկվող դիվերսիոն-սադրիչ գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի օկուպացված տարածքներում ծավալված անօրինական գործունեությունը միտված են կարգավորման գործընթացն ամեն գնով խոչընդոտելուն»:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, թե «եկել է խաղաղ համաձայնագրի մշակման պահը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG