Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինծառայողների հիշատակը:
«Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների: Հայկական զինուժը, ձեռնարկելով առնվազն համարժեք գործողություններ, հակահարված տալով և հակառակորդին հասցնելով կորուստներ, նրան ետ է շպրտել ելման դիրքեր», - ասել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
«Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարևանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաև այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ զինված ուժերը բազմիցս են ապացուցել, և որը շատ ավելի ցավագին կլինի նրա համար: Ցավոք, հակառակորդի վերջին դիվերսիաների հետևանքով, ունենք նաև կորուստներ: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենի հողն ու բոլորիս անվտանգությունը», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Գալուստ Սահակյանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ վերջին շրջանում զոհված հայ զինծառայողների հոգիների խաղաղության համար հոգեհանգիստ է կատարվել երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցված Պատարագի ավարտին՝ նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի: