Դատավորը թույլ չտվեց Արթուր Սաքունցին միջնորդություն ներկայացնել դատավարության անցկացման պայմանների և տեղի հետ կապված՝պահանջելով այն ներկայացնել հաջորդ դատական նիստին և այսօրվա նիստը հայտարարեց փակված՝ նշելով, որ հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 18-ին ժամը 12-ին։
Փաստաբան Լուսինե Սահակյան. - «Ես խնդրում եմ, որպեսզի հաջորդ դատական նիստին ապահովեն նորմալ պայմաններ, սրանք աշխատանքային պայմաններ չեն»։
Այսօրվա դատական նիստը ավարտվեց, գործով հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 18-ին ժամը 12-ին:
Փաստաբան Լուսինե Սահակյան. - «Ի՞նչն է պատճառը, որ Պերմյակովին տրամադրվել է երկու հանրային պաշտպան։ Ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետությունը կրկնակի վճարի Պերմյակովի պաշտպանության համար»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ռուս զինծառայողները հեռացվեն դահլիճից։ Միջնորդությանը միացան նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, փաստաբանները։
Քանի որ դահլիճում պայմանները բավարար չեն դատական նիստ անցկացնելու համար, ապա փաստաբան Երվանդ Վարոսյանը չբացառեց, որ միջնորդություն կներկայացնեն՝ դատական նիստը թեկուզ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու հայցով։
«Ռուսական զինվորական համազգեստով զինծառայողները չեն կարող գտնվել Հայաստանի դահլիճում։ Դրանց ներկայությունը ոտնձգություն է հայկական դատական իշխանության դեմ», - ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պահանջեց դատարանի դահլիճից հեռացնել հսկողություն իրականացնող ռուս զինվորներին։ Դատավորը, ի պատասխան իրավապաշտպանի պահանջի, 15 րոպե ընդմիջում հայտարարեց։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը դժգոհում է, քանի որ Պերմյակովի ձայնը նստածների համար լսելի չէ։ «Հարգելի, դատավոր, մեզ պետք է լսելի լինի ոչ միայն թարգմանչի, այլև Պերմյակովի խոսքը», - ասաց Սահակյանը։
Դատական նիստը տեղի է ունենում 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում: Դատական նիստը մեկնարկեց սկանդալով՝ զոհերի իրավահաջորդների փաստաբաններին թույլ չէին տվել մուտք գործել ռուսական ռազմակայանի տարածք, և նրանք կարողացան մտնել դատական նիստերի համար հատկացված տարածք միայն նիստի մեկնարկից կես ժամ անց: