Մատչելիության հղումներ

Զինծառայողի ինքնասպանության փորձի դեպքով հարուցված քրգործով 3 համածառայակիցներ կալանավորվել են


Քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են զինծառայող Ռ. Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, շարժառիթը։ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ձեռք բերված ապացույցների հիման վրա 3 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինծառայողին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա 3 համածառայակիցները:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ կրտսեր սերժանտ Վ. Տեր-Վարդանյանը, շարքայիններ Ա. Կարապետյանի և Ս. Մելքոնյանի հետ միասին, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները նրանց միջև ստորադասության բացակայության դեպքում, 2015 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 9-ը պարբերաբար ծաղրուծանակի են ենթարկել շարքային Ռ. Աբրահամյանին՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, որի հետևանքով նա դեկտեմբերի 9-ին ժամը 11:55-ի սահմաններում ինքնասպանության փորձ է կատարել: Մասնավորապես` ինքնաձիգից կրակոց է արձակել իր կրծքավանդակի ուղղությամբ՝ կրծքավանդակի ձախ շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:

Ռ․ Աբրահամյանի հագուստների զննությամբ գրպանից հայտնաբերվել է նամակ՝ ուղղված իր հայրիկին, որում նշված է, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները: Զինծառայողի ինքնասպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ. Տեր-Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ս. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով: Ա. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 38-358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 359-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ կատարված հանցագործությունների բոլոր փաստական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG