Մատչելիության հղումներ

Սարգսյանը կարևորում է պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցությունը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Պաշտպանական ոլորտում երկու բարեկամ երկրների գործակցությունը ավանդաբար հանդիսանում է հայ-հունական միջպետական հարաբերությունների կարևորագույն հենասյուներից մեկը: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսի հետ:

Նախագահը բարձր է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների՝ պարբերական բնույթ կրող փոխայցերը, որոնց ընթացքում քննարկվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության հեռանկարները, և ողջունել է նախարար Կամմենոսի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ այդ գործակցությունն ավելի ակտիվացնելու և խորացնելու ուղղությամբ:

Ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ջերմ հարաբերությունները ձևավորվել են պատմական ամուր հիմքի վրա, Սերժ Սարգսյանը կարևոր է համարել միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ համանման մոտեցումները, ինչպես նաև Հունաստանի դերակատարումը Հայաստան-Եվրամիություն և ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում, համագործակցությունը խաղաղապահության բնագավառում:

Պանոս Կամմենոսը վստահեցրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության հետ ձևավորվել է գերազանց համագործակցություն, և երկկողմ ջանքերով այսուհետ ևս շարունակելու են ավելի ամրապնդել ու խորացնել հայ-հունական ռազմական և ռազմատեխնիկական գործակցությունը, այդ թվում՝ ռազմական կրթության, խաղաղապահության ուղղությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի, ինչպես նաև միջազգային անվտանգության արդի խնդիրներին ու մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին:

Երևան պաշտոնական այցի շրջանակում Հունաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը այսօր հանդիպում է ունեցել նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ, երեկ նրան ընդունել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG