Մատչելիության հղումներ

ՀՀԿ խոսնակ. «Եթե ՀԱԿ-ին հաջողվի դիմել ՍԴ, ուրեմն երկրորդ սերիան կտեսնենք ՍԴ-ում»


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

ՀՀԿ-ն երբեք չի հավակնել, չի հավակնելու այլ քաղաքական ուժերի որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալ, ասաց Շարմազանովը։

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում մեկնաբանել՝ պե՞տք է Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) վիճարկի հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում (ՍԴ), թե՞՝ ոչ: «Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ», - երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց Շարմազանովը՝ նշելով, որ ինքը հանրաքվեի արդյունքների հետ կապված որևէ հարցականներ չունի։

«Խախտումներ, իհարկե, եղել են, և իրավապահ մարմինները հստակ գնահատականներ տվել են, որ ցանկացած իրավախախտում պետք է պատժվի։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող», - ասաց Շարմազանովը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), հիշեցնենք, ստորագրահավաք է սկսել պատգամավորների շրջանում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։ Ստորագրահավաքը կշարունակվի մինչև դեկտեմբերի 18-ը, առնվազն 27 պատգամավորի ստորագրություն է հարկավոր։ Դիմումին դեռ 17 պատգամավոր է միացել։

«Ազատության» հարցին, թե ՀԱԿ-ին կհաջողվի՞ համապատասխան ձայներ հավաքել ու դիմել ՍԴ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. - «Ինչ վերաբերում է՝ կհաջողվի, թե չի հաջողվի, լավ է, թե վատ է, դրանք պետք է որոշեն քաղաքական ուժերը, նրանք առանձին քաղաքական ուժեր են։ Հանրապետականը երբեք չի հավակնել, չի հավակնում և չի էլ հավակնելու այլ քաղաքական ուժերի սեփական ներքին որոշումների կայացման վրա որևէ ազդեցություն ունենալ»։

«Կհաջողվի, թե չի հաջողվի՝ ուրբաթ ժամը 18։00-ին կտեսնենք. կհաջողվի՝ ուրեմն երկրորդ սերիան կտեսնենք Սահմանադրական դատարանում, չի հաջողվի՝ նշանակում է, որ արդեն դեկտեմբերի 22-ից, ինչպես [դաշնակցական պատգամավոր] Արծվիկ Մինասյանն ասաց, դեկտեմբերի 22-ից մենք աստիճանաբար կսկսենք իրականացնել այն դրույթները, որոնք մենք պետք է աստիճանաբար կատարենք նոր Սահմանադրությամբ», - հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը։

XS
SM
MD
LG