Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) և Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) «Ոչ»-ի համատեղ շտաբը երեկ ուշ երեկոյան հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ «Հայաստանի իշխանությունները գլխիվայր շուռ են տվել հանրաքվեի արդյունքները»։
«Ժողովուրդն արտահայտվեց և հստակ «ոչ» ասաց Հայաստանի իշխանություններին և նրանց նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Մեր տվյալների և ընտրական գործընթացների հայտնի վիճակագրական մեթոդների վրա հիմնված ճշգրիտ մաթեմատիկական վերլուծության շնորհիվ հնարավոր է վերականգնել ժողովրդի իրական քվեարկության պատկերը: Հանրաքվեին իրականում մասնակցել է մոտ 825 հազար մարդ, որոնցից առնվազն 575 հազար քաղաքացի քվեարկել են «ոչ», 250 հազարը՝ «այո», ինչը նշանակում է, որ Հայաստանի ժողովուրդը հստակորեն արտահայտվել է հանրաքվեում և մերժել սահմանադրական փոփոխությունները», - ասված է հայտարարությունում:
Շտաբը նշում է, որ «Սերժ Սարգսյանի ռեժիմը ամեն գնով, այդ թվում՝ դիմելով լայնածավալ զանգվածային օրինախախտումների և ընտրակեղծարարության, կեղծելով մոտ կես միլիոն ընտրողների մասնակցություն, գլխիվայր շուռ տվեց հանրաքվեի արդյունքը, պաշտոնապես, տեղամասային, ընտրատարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովների (ԿԸՀ) որոշումների միջոցով արձանագրելով ժողովրդի կամարտահայտությանը տրամագծորեն հակառակ արդյունք»:
«Ոչ»-ի համատեղ շտաբը տեղեկացնում է, որ ԿԸՀ-ին է ներկայացրել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում լցոնումների, բռնության, մատյաններում քաղաքացիների ստորագրությունների կեղծման, ընտրողների և հանրաքվեի օրինականությունը վերահսկող անձանց ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտման մասին հարյուրավոր տեղեկություններ և ապացույցներ, որոնք ցույց են տալիս օրինախախտումների համակարգային, համատարած և կազմակերպված բնույթը:
Ներկայացվել է նաև վիճակագրական վերլուծություն, որը թույլ է տալիս գնահատել ընտրակեղծարարության ազդեցության չափը հանրաքվեի հայտարարված արդյունքների վրա և եզրակացնել, որ այդ արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը և հանրաքվեն պետք է ճանաչվի անվավեր:
«Ոչ»-ի շտաբը հայտարարում է, որ ԿԸՀ-ի մերժումից հետո իրավական հարթության մեջ կա ևս մեկ քայլ` Ազգային ժողովի մեկ հինգերորդից ավելի պատգամավորների դիմումի հիման վրա վիճարկել հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում (ՍԴ):
«Հայ ազգային կոնգրես խմբակցությունն այսօր որոշում է ընդունել ԱԺ-ի աշխատակազմից համապատասխան ձևաթուղթ վերցնելու և Սահմանադրական դատարան դիմելու համար ԱԺ պատգամավորների անհրաժեշտ ստորագություններ հավաքելու նպատակով: Բոլոր պատագամավորները կարող են այցելել Հայ ազգային կոնգրեսի խմբակցություն և մինչև դեկտեմբերի 18 ստորագրել այդ դիմումի տակ», - ասված է հայտարարությունում:
Ըստ «Ոչ»-ի շտաբի, ակնհայտ է, որ անցկացված հանրաքվեն և ժողովրդի հստակորեն արտահայտված քաղաքական կամքը նոր իրավիճակ են ստեղծել երկրում:
«Իշխանությունների կողմից հանրաքվեի արդյունքների լկտի կեղծումը, դառնալով ևս մեկ ոճրագործություն սեփական ժողովրդի դեմ, է՛լ ավելի խորացրեց ռեժիմի և ժողովրդի միջև անջրպետը: Ժողովուրդը, սակայն, ոչ թե ընկճվել է իր կամարտահայտության հերթական ոտնահարումից, այլ ավելի վճռականորեն տրամադրվել հանցագործ իշխանություններից ազատվելու խնդրում: Հանրաքվեի փորձը ցույց տվեց, որ ժողովուրդը կարող է համախմբվել և միասնաբար դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի ռեժիմին, ինչպես նաև ցույց տվեց, որ մեր հանրությունը աստիճանաբար ձևավորում է ընտրակեղծարարության դեմ պայքարելու համար անհրաժեշտ որակյալ մարդկային ռեսուրսը», - հայտարարում է շտաբն ու պնդում. - «Պայքարը շարունակվում և ավարտվելու է Հայաստանի քաղաքացիների հաղթանակով»: