Մատչելիության հղումներ

Քերրին Մոսկվայում կհանդիպի Պուտինին, Լավրովին


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուս-ամերիկյան բանակցությունների օրակարգի առանցքային հարցերից մեկը ռուս-թուրքական հակամարտությունն է։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր կժամանի Ռուսաստան։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Ըրնեսթի փոխանցմամբ՝ ռուս-ամերիկյան բանակցությունների օրակարգում ռուս-թուրքական հակամարտությունն է։ Նրա խոսքով, այստեղ կան դրական առաջխաղացման միտումներ։

Այսօր նախատեսված բանակցություններին ԱՄՆ-ի պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը քննարկելու են Սիրիայի հարցով միջազգային նոր հավաքի և Սիրիայում գործող ահաբեկիչների ցուցակների համաձայնեցման հարցերը։

Լավրովն ու Քերրին բանակցությունների արդյունքները կներկայացնեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մինչև պետքարտուղարի Մոսկվա ժամանելը, նախօրեին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոներն ավելի վաղ հայտարարել էր, որ մոսկովյան բանակցությունների օրակարգում են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը և Ուկրաինայի խնդիրը, մասնավորապես՝ Մինսկի համաձայնագրով Մոսկվայի ստանձնած պարտավորությունների կատարումը։

ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը հերթական ռուս-ամերիկյան սկանդալի առիթ է դարձել. Մոսկվան կոշտ է արձագանքել Սպիտակ տան այն հայտարարությանը, թե Ռուսաստանն այսօր մեկուսացման մեջ է։ «Եթե հաշվի առնենք, որ վերջին յոթ ամսվա ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղարը երկրորդ անգամ է Մոսկվա ժամանում, նման պրոպագանդիստական արտահայտությունները անհեթեթ են», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով. - «ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը Մոսկվա՝ և՛ մայիսին, և՛ այսօր տեղի է ունենում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ»։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդագրությունում օգտագործել է «համառ խնդրանք» արտահայտությունը։

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ Մոսկվան բաց է արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ դա հնարավոր է միայն երկկողմ հարգանքի և հավասարության սկզբունքների հիման վրա։

«Ամերիկացիներն ինչքան ուզես կարող են իրենք իրենց համոզել, որ մեր դեմ պատժամիջոցներն արդյունավետ են», - ասված է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում։

Քերրիի այցի նախօրեին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, քանի դեռ Մոսկվան ամբողջապես չի կատարել Մինսկի համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG