Մատչելիության հղումներ

ՊԲ զինծառայող է զոհվել. Իրադրությունն առաջնագծում մնում է լարված


Հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995 թվականին ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը, հայտնում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ԼՂ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի սադրիչ գործողությունները անպատիժ չեն մնալու: Ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է հաղորդագրությունում։

ԼՂ պաշտպանության նախարարությունը նաև հաղորդում է, որ իրադրությունն առաջնագծում մնում է լարված: Հակառակորդը շարունակում է զենիթային կայանքներից և ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական դիրքերը:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82, 120 միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG