Ոստիկանությունում շարունակում են տեղեկություններ ստացվել այս օրերին իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների հետ բախումներ հրահրելու մտադրությունների մասին: Այդ մասին ասված է Հայաստանի ոստիկանության այսօր տարածած հայտարարությունում:
«Հավաքի կազմակերպիչներից ոմանք ակտիվ աշխատանք են տանում երիտասարդ համախոհների շրջանում՝ վրաններ տեղադրելով, քաղաքացիական անհնազանդության քողի տակ հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կատարելով սադրել հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժի գործադրում: Նման ապօրինի գործելակերպի նպատակը հավաքին հանրային հնչեղություն հաղորդելն է և ոստիկանության գործողությունների իրավաչափությունը ստվերելը», - նշված է հայտարարությունում:
Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ «հասարակական վայրերում իրավիճակը ապակայունացնելու ցանկացած փորձ կանխվելու է կոնկրետ իրավիճակից թելադրվող համարժեք գործողություններով, իսկ իրավախախտումներ կազմակերպող և դրանք կատարող անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության»:
Հիշեցնենք՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հայտարարել էր, որ Ազատության հրապարակում վրան տեղադրելու անթույլատրելիությունը չի բխում ո´չ Հայաստանի օրենսդրության պահանջներից, ո´չ միջազգային իրավական չափորոշիչներից։ Օմբուդսմենը նամակով դիմել էր ոստիկանությանը և խնդրել քննարկել վրան տեղադրելու հարցը։