Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ՄԻՊ գրասենյակի դուռը ներկելու համար բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանը։
«Անկախ նրանից, թե ով է եղել նման արարքի կատարողը, մենք չենք ցանկանում, որ որևէ մարդ ենթարկվի քրեական պատասխանատվության այդ արարքի համար: Մենք համարում ենք նման արարքն անթույլատրելի, սակայն ներում ենք թե՛ դրա կատարողներին, և թե՛ կազմակերպիչներին: Մենք որևէ հաղորդում կամ ահազանգ չենք ներկայացրել իրավապահ մարմիններին, որպեսզի որևէ անձ ենթարկվի քրեական հետապնդման»,- ասված է ՄԻՊ գրասենյակի հայտարարությունում։
Նաև հաղորդվում է, որ օմբուդսմենի հանձնարարականով նրա տեղակալն այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում, որպեսզի բոլոր հնարավոր եղանակներով պաշտպանի Արտակ Գևորգյանի իրավունքները:
Ավելի վաղ ՄԻՊ խոսնակ Շուշան Դանիելյանը ասել էր «Ազատությանը».- «Այսօր մենք կենտրոնացած աշխատում ենք ընտրախախտումների բացահայտման ուղղությամբ, իսկ մի նեղ խմբակ, որը տիրապետում է լրատվական դաշտի մի հատվածին, փորձում է խանգարել մեր աշխատանքը: Նույն ձեռագիրը մենք տեսանք Ազգային ժողովում, այնուհետև կրթական ոլորտում, իսկ հիմա էլ այդ խմբակից սնվող լրատվամիջոցում»։
Այսօր մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել՝ վարդագույն ներկ լցնելով օմբուդսմենի գրասենյակի դռան վրա։