Մատչելիության հղումներ

Փողոցում աշխատող սևանցի կոշկակարի երազանքը մեկ քառակուսի մետր տարածքն է


Սևանցի կոշկակար Կարենը ցրտից ճաքճքած մատներով արագ կապկպեց թել ու ասեղը՝ կարկատելու այսօրվա արդեն երրորդ զույգ երկարաճիտ կոշիկը։ Պատվիրատուն խնդրել էր կես ժամվա ընթացքում հասցնել։

«Էս 3 տարվա կոշիկ ա, որ կարեմ, երկու տարի կհագնի»,- ասում է նա։

42-ամյա կոշկակարը երեք տարի ամեն օր՝ ամառ, թե ձմեռ, քաղաքի շուկայի դիմաց, առանց տանիքի է իր գործն անում։ Կոշկակարի արհեստը հորից է սովորել։ Բայց ոչ հայրը, ոչ էլ ինքը մինչ այսօր չեն կարողացել հարազատ քաղաքում մի ոտնաչափ տարածք ունենալ փոքրիկ արհեստանոցի համար։

«Մարդիկ տներ են ուզում, էս են ուզում, էն են ուզում, ես ոչ մի բան չեմ ուզում, մի քառակուսի մետր տեղ եմ ուզում, ուրիշ ոչ մի բան պետք չէ։ Բուդկեն ունեմ, ինձ թող մի քառակուսի մետր տեղ տան, դնեմ աշխատեմ, ինչ անեմ»։

Կրպակն ունի, ձեռք է բերել դեռ 5 տարի առաջ՝ 50 հազար դրամով ու տեղադրել քաղաքի ծայրամասերից մեկում։ Բայց Սևանի ու հարակից գյուղերի՝ իրեն վաղուց արդեն սովոր պատվիրատուների հետևից դարձյալ շուկայի տարածք է եկել։ Այստեղ կրպակ տեղադրելու հարցում տեղի իշխանավորներն ընդամենը մեկ անգամ են ընդառաջել՝ շենքերից մեկի բակը մատնացույց արել, բայց այստեղ էլ սեփականատերերն են արգելել։

«Մարդիկ տեր ունեն, բան ունեն, ասում ա՝ ստեղ մի դիր, ընդեղ մի դիր։ Բա որտե՞ղ դնեմ»,- տարակուսում է Կարենը.- «Սաղ գյուղից, բանից գալիս են իմ մոտ, էժան է, համ էլ որակով, խղճով գործ եմ անում։ Դե, հմի ձմեռ ա, գալիս կոշիկը պոկված ա ըլնում, հանում ա, ասում ա՝ մի հատ սարքեք, ոտը սառում ա, ամառը անցնում են, դամաշնիկը կպցնում եմ, ասում եմ՝ փող պետք չի»։

Հայրը դեռ նախկին քաղաքապետի օրոք է դիմել տեղի իշխանություններին, սակայն մինչև կյանքի վերջ այդպես էլ բաց երկնքի տակ է աշխատել։

«5-6 տարի էլ ինքն ա ստեղ նստել։ Ինքն էլ ինչքան խնդրեց, էլի չտվեցին»,- ասում է Կարենը։

Կարենը ամեն երեկո հավաքում է նյութերն ու գործիքները և տուն շտապում։ Մեկ սենյականոց բնակարանում կնոջ՝ Նարինեի հետ է ապրում։ Արդեն 10 տարի ամուսնացել, բայց երեխա չեն ունենում։ Բժիշկների դռներն են ծեծել, մեծ գումարներ ծախսել, բայց՝ անարդյունք։

«Երևան է՛լ հիվանդանոց չի էլել, որ չմտնենք։ Գնացինք՝ կլնի, կլնի, կլնի, դեղեր նշանակեցին, ճիշտն ասած, եքա գումար ծախսեցինք, հետո տեսանք, չէ, արդյունքի չենք հասնում... էսքան դեղ տվեք, էսքան փող տվեք, էլ արդեն գումար էլ չկար։ Հազիվ հասցնում եմ, մի կտոր հացի փող եմ առնում»։

Կարենն այս ամենից եզրակացնում է՝ պետությունից որևէ պաշտպանություն չի զգում, հակառակը՝ անընդհատ անարդարությունների է բախվում։

«Իրանց համար, ասենք, պալատներ կարան սարքեն, շենքեր կարան սարքեն, իրանց հասնում ա էդ քառակուսի մետրը, բայց ինձ չի հասնում, որ մի հատ բուդկա դնեմ»,- հոգոց է հանում նա։

Անցած կիրակի գնացել ու մասնակցել է հանրաքվեին։ Ասում է՝ «այո» է քվեարկել։ Այդպես է որոշել՝ համարելով, որ թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը իր բացօթյա արհեստանոցը չեն բարելավելու։

«Դե, «այո» ասեի, էլի պտի ստեղ նստած լինեի, «ոչ» ասեի, էլի պտի նստած լինեի, տարբերությունը ո՞րն ա։ Էլի նստած եմ, էլի։ Իրանք ընձի վատություն են անում, ես իրանց լավություն եմ անում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG