Մատչելիության հղումներ

20-ամյա վստահված անձին հաջողվել է ընտրատեղամասում բազմաթիվ ընտրակեղծիքներ կանխել


Լուսինե Ղարիբյան
Լուսինե Ղարիբյան

Երևանի Մետաքսի թաղամասում գտնվող տեղամասում, որտեղ բոլոր ընտրությունների ժամանակ էլ իրավիճակը թեժ է եղել, «ոչ»-ը ի վերջո 160 ձայնով գերազանցել է «այո»-ին։

20-ամյա Լուսինե Ղարիբյանը հանրաքվեի օրը Երևանի 9/4 ընտրատեղամասում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձն էր, պնդում է` բացահայտել ու բազմաթիվ ընտրակեղծիքներ է կանխել։ Հունաստանի Շեֆիլդի համալսարանի 3-րդ կուրսի ուսանողը հայրենիք էր եկել կարճատև արձակուրդի, ասում է` ընտրատեղամասում անցկացրած մեկ օրը աննախադեպ դաս էր, որ դեռ երկար կհիշի։

«Մի պահ հիասթափություն եղավ, որ չէ՛, ինչի՞ պետք է սենց լինի, և մի պահ նույնիսկ ես ինձ միայնակ էի զգում այնտեղ։ Հետո հասկացա, որ նույնիսկ միայնակ լինելով՝ կարող եմ ինչ-որ հարց լուծել և չթողնել, որ շարունակություն լինի»,- պատմում է նա։

Լուսինեն ապագա հոգեբան է։ Ասում է՝ մասնագիտական գիտելիքները շատ են օգնել ճանաչելու հավանական ընտրակեղծարարներին ու դիմակայել ճնշումներին։ Նույնականացման քարտերով կրկնաքվեարկության եկած խմբեր է տեսել, որոնք քվեարկել և ստորագրել են ուրիշի անվան դիմաց։ Բարձրաձայնել է, հանձնաժողովի նախագահին ու ոստիկաններին հորդորել թույլ չտալ նման կեղծիքներ, սակայն ընտրատեղամասում իրեն լսող չի եղել, ավելին` խոչընդոտել են իր աշխատանքը։

«Ես անընդհատ ասում էի՝ խնդրում եմ, կարո՞ղ եմ քաղաքացու անձնագիրը նայել, ասում էին՝ դու իրավունք չունես քաղաքացու անձնագիրը նայելու։ Ես ասում էի՝ բայց ես հենց դրա համար եմ էստեղ, ես պետք է նայեմ ցուցակը, քաղաքացու անձնագիրը։ Հենց ասում էի, ցույց էին տալիս՝ էլի ինչ-որ վիրավորական խոսքերով, էլի այնպես անելով, որ դու քեզ վատ զգաս ու չանես։ Հետո արդեն ինչ-որ չափով հանգիստ էր. հանձնաժողովի նախագահն ասում էր՝ Լուսինեն դրա իրավունքը ունի, հանգիստ թողեք։ Այսինքն, արդեն հասկացան, որ պետք չի էդքան ճնշում գործադրել, ապարդյուն է»։

Հանձնաժողովի նախագահն ամեն ինչ անում էր իր հայտնաբերած օրինախախտներին ուշադրությունից հեռու պահելու և դրանք կոծկելու համար, ասում է Լուսինեն։

«Ասաց՝ ճիշտ անուն-ազգանունն է, համապատասխանում է ցուցակին, ես ասում եմ, ո՛չ, էստեղ ուրիշ անուն-ազգանուն է գրված։ Ասաց՝ ո՛չ, էստեղ էս անուն-ազգանունն է և տվեց էդ քաղաքացուն, քաղաքացին հեռացավ։ Ես չկարողացա ոչինչ անել, ոստիկանները չեկան»։

Հետո աշխատել է ավելի ուշադիր լինել։ Թեև հանձնաժողովականներն ամբողջ օրվա ընթացքում իրեն տեղամասից հեռացնելու փորձեր են արել, մեկ րոպե անգամ չի բացակայել։

«Ամեն պահի մտածում էի, որ ամեն ինչ հնարավոր է, և ասում էի՝ քանի ես եկել եմ, ավելի լավ է ամեն ինչ իմ աչքով տեսնեմ, այստեղ լինեմ, այսինքն, էնպես չլինի, որ ինչ-որ ժամանակով գնամ, հետո ստացվի, որ ես ներկա եմ եղել ու էդ ամեն ինչը ստացվել է։ Ավելի լավ է ես լինեմ ու ինչ նպատակով եկել եմ, էդ նպատակը մինչև վերջ հասցնեմ»,- ասում է նա։

Երևանի Մետաքսի թաղամասում գտնվող տեղամասում, որտեղ բոլոր ընտրությունների ժամանակ էլ իրավիճակը թեժ է եղել, «ոչ»-ը ի վերջո 160 ձայնով գերազանցել է «այո»-ին։ Իրավաբանների ընտանիքում մեծացած Լուսինեն համոզված է՝ ամեն ինչ արել է քվեարկության պատկերը իրականին մոտ պահելու համար։

«Կապ չունի՝ «այո»-ն կհաղթի, «ոչ»-ը կհաղթի, էստեղ քաղաքացիներ են, գալիս են, իրենց ընտրությունը անում են, և թող լինի արդար։ Մենք բոլորս արդարության կողմից պետք է լինենք։ Ես անընդհատ դա էի շեշտում։ Երբ զգում էի արդարությունը բոլորի ցանկությունը չի, պատկերը, իհարկե, տխուր էր ինձ համար»։

Լուսինեն նախկինում էլ մասնակցել է բնապահպանական շարժումներին ու որոշ դեպքերում հաղթանակների հասել։ Բայց ընտրական պրոցեսներին առաջին անգամ էր մասնակացում։ Պայքարի ձևն այստեղ մի քիչ ուրիշ էր, ասում է։ Ու իր համար մի կարևոր եզրահանգում է արել.- «Ես հասկացա, որ յուրաքանչյուր ոք կարող է լուծել ինչ-որ հարց։ Յուրաքանչյուր ոք կարող է գնալ ինչ-որ նպատակի հետևից ու հասնել դրան։ Ի վերջո սա մեր Հայաստանն է, մենք պիտի տեր կանգնենք էս երկրին ու փորձենք այնպես անել, որ հետո չամաչենք՝ ինչ ենք թողել մեր սերունդներին»։

XS
SM
MD
LG