Մատչելիության հղումներ

Կառավարությունը կվերանայի մինչև 2025 թվականի տնտեսության հեռանկարային զարգացման ծրագիրը


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Կառավարությունը կվերանայի մինչև 2025 թվականը տնտեսության հեռանկարային զարգացման ծրագիրը, որը հաստատվել էր 2014 թվականի մարտին։ Այսօր այս մասին Ազգային ժողովում 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ 2016 թվականին կառավարությունը կսկսի դրա համապարփակ, համակողմանի վերանայման գործընթացը՝ ապահովելով լայն հանրության, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը:

«Իհարկե, կարելի է ունենալ այլ մարտավարություն` ամրագրել տնտեսական աճի շատ ավելի հավակնոտ նիշ, իսկ հետո փորձել հիմնավորել, թե ինչու հնարավոր չեղավ այն իրականացնել: Հավատացնում եմ ձեզ, հիմնավորումներ, այն էլ այսօր, հաշվի առնելով թե՛ համաշխարհային տնտեսական ռիսկերը, և թե՛ աշխարհաքաղաքական զարգացումները, որքան ասես հնարավոր կլիներ գտնել: Լինեմ անկեղծ. բյուջետային քննարկումների ժամանակ եղել է այդ կարգի մոտեցում ևս` գնալ նման ռիսկի, և տնտեսական աճը բյուջեում կանխատեսել ոչ թե իրատեսական 2.2 տոկոս, այլ հայտարարել ավելին: Բայց իմ մոտեցումներն անփոփոխ են՝ իրավիճակի ճշմարիտ, առանց գունազարդումների ներկայացում՝ միաժամանակ նախանշելով մեր տեսլականն ու առաջնահերթությունները, երկրի կարևորագույն քաղաքական հարթակում հնարավոր զարգացումների վերաբերյալ ազնիվ և անկեղծ երկխոսություն ժողովրդի, քաղաքական ուժերի, պատգամավորների հետ», - ասել է վարչապետը։

Աբրահամյանի խոսքով, 2014 թվականի վերջից Հայաստանի տնտեսությունը հայտնվեց տարածաշրջանային նոր զարգացումների ազդեցության ներքո: Նա ընդգծել է, որ ներկայիս արտաքին մարտահրավերները, ի տարբերություն 2008 - 2009 թվականների մարտահրավերների, իրենց բովանդակությամբ միայն տնտեսական չեն, այլև քաղաքական կամ աշխարհաքաղաքական են:

«Իսկ դա նշանակում է, որ դրանք ոչ միշտ են կանխատեսելի և հաշվարկելի: Այդ պատճառով է, որ միջազգային հեղինակավոր կառույցները համարում են, որ աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանն այսօր ավելի բարդ իրավիճակում է, քան ոչ վաղ անցյալի ֆինանսական ճգնաժամի տարիներին: Այս պայմաններում մենք չունենք այլընտրանք, քան նոր իրավիճակին համահունչ դարձնելու համար ճշգրտումներ մտցնել մեր որդեգրած տնտեսական բարեփոխումներում», - ասել է Աբրահամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG