Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ հեռախոսազրույցում քննարկել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:
Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ նախորդ օրը ադրբեջանական կողմը առաջին անգամ կիրառել է տանկային կրակ՝ 125մմ հրանոթներից, ինչը լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում:
«Ադրբեջանական կողմին բանակցային գործընթացի տրամաբանության մեջ պահելու համար, հայկական կողմի ուժային զսպման գործողություններին զուգահեռ՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքի անհրաժեշտությունը», - ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում, - «Դեսպան Ա. Կասպիշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել»: