Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսությունը երեկ հայտարարել է, որ չորեքշաբթի օրը հյուպատոսական ծառայությունների մատուցումը կդադարեցվի դիվանագիտական առաքելության նկատմամբ «անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին տեղեկատվության պատճառով»:
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին բարձր աստիճանի զգոնություն ցուցաբերել, հետևել տեղական իրադարձություններին և քայլեր ձեռնարկել իրենց անձնական անվտանգությունը բարելավելու համար», - ասված է հյուպատոսության կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին լրագրողներին տեղեկացրել է, որ հյուպատոսական ծառայությունները կասեցվելու կամ սահմանափակվելու են, բայց հրատապ ծառայությունների մատուցումը կշարունակվի:
Թուրքիայում ԱՄՆ-ի այլ դիվանագիտական առաքելությունները՝ Անկարայում, Իզմիրում և Ադանայում, կշարունակեն իրենց նորմալ աշխատանքը, հավելել է Քըրբին: