Մատչելիության հղումներ

Սահմանապահ զորքերի զինվորի մահվան գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի։

«2015 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել զորամասի բուժկետ։ Պարզվել է, որ Գևորգ Խաչատրյանը գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 147 9229 համարի ինքնաձիգով, և բուժկետում գրանցվել է նրա բիոլոգիական մահը», - իր հաղորդագրությունում հիշեցնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ», և ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու պատճառները։ Ստեղծվել է քննչական խումբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել են անհրաժեշտ դատավարական այլ գործողություններ:

«Նախաքննության ընթացքում զորամասի զինծառայողներ` կապիտան Մ.Ս.Ոսկանյանը, ավագ լեյտենանտ Հ.Ա.Վարդևանյանը, շարքայիններ Հ.Ա.Մուրադյանը և Ա.Հ.Սարգսյանը ձերբակալվել են։ Կապիտան Մ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), ավագ լեյտենանյտ Հ. Վարդևանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), շարքայիններ Հ. Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի առաջին մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում (2 դրվագ), 360-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), Ա.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով», - փոխանցում է Քննչական կոմիտեն։

Ոսկանյանի և Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Վարդևանյանի և Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները դատարանի կողմից չեն բավարարվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG