Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հերքում է ընտրացուցակներում Ավետիսյանների անունների առկայությունը


Ոստիկանությունը պարզաբանում է տարածել մամուլի այն հրապարակման վերաբերյալ, թե ընտրացուցակներում են հայտնվել նաև Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները։

Ոստիկանությունը, վկայակոչելով բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները, առ այն, որ Ավետիսյանների ընտանիքի անդամները հաշվառումից հանված են 2015 թվականի հունվարի 27-ից, նշում է, որ նրանց անունները չէին կարող ընդգրկվել ցուցակներում։ «Քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների հիմքը բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման տվյալներն են, վերը նշված անձանց տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ցուցակներում», - ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները պարզաբանում կամ հերքում է առանց գնահատականներ տալու։

«Բայց այս հրապարակման հարուցած զայրույթն ու զզվանքը պարզապես անհնար է զսպել: Ավետիսյանների զոհված ընտանիքի չափահաս անդամների անունների իբր ընտրացուցակներում հայտնվելու մասին խմբագրություն «ահազանգած» անձը պարզապես կարող էր ստել, ինչը ստորություն ու սրբապղծություն է, բայց առավել սրբապղծություն չէ՞, երբ պատասխանատու լրատվամիջոցը տիրաժավորում է սուտը: Ոստիկանությունը վերջին ամիսներին պարբերաբար հրապարակել է ընտրացուցակների /ներբեռնման հնարավորությամբ/ կայքերի հասցեները։ «Հրապարակի» ցանկացած տառաճանաչ աշխատակից էլ կարող էր մուտքագրել անունները ու ստուգել՝ կա՞ն, թե չկան: Եթե սա անելը բարդ էր, կարող էին զանգել ոստիկանություն: Մենք նման դեպքերը միշտ բարեսրտորեն վերագրել ենք տգիտությանը կամ անպարտաճանաչությանը, բայց սա հենց սրբապղծություն է, որովհետև անմեղ արյան ու համաժողովրդական ցավի շահարկումն է ապատեղեկատվության հիմքում», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG