Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 10/15 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ ահազանգի կապակցությամբ, հայտնում է Քննչական կոմիտեն:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»ի կայքէջում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից հրապարակվել է ահազանգ առ այն, որ «Ընտրողն ահազանգել է, որ 10/15 տեղամասում ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ հանրապետությունից այս պահին բացակա իր եղբոր և նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է: Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովին, բարձրաձայնել է, սակայն նրա խոսքերին ուշադրություն չեն դարձրել, խախտումը չեն արձանագրել»:
Հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն։