Ոստիկանությունից հաղորդում են․ - «Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում «ilur.am»-ի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում թիվ 10/20 ընտրական տեղամասում վստահված անձ Դավիթ Սիմոնյանը դիտավորությամբ հարվածել ու կոտրել է իր տեսախցիկը և վնասել լրագրողական վկայականը: Դ. Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն»:
- Հեղինակ՝ Աստղիկ Բեդեւյան
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39.17 տոկոսը, կամ՝ 1,005,333 ընտրող:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ամենակտիվը սյունեցիներն են՝ 51.11 տոկոս, ապա Արարատի և Վայոց ձորի ընտրողները՝ համապատասխանաբար 50.52 և 45.14 տոկոս:
- Հեղինակ՝ Աստղիկ Բեդեւյան
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39.17 տոկոսը, կամ՝ 1,005,333 ընտրող:
Ամենապասիվը Շիրակի մարզն է, որտեղ ընտրողների միայն 31.82 տոկոսն է մասնակցել:
Երևանցիների 36.10 տոկոսն է մասնակցել քվեարկությանը:
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Ժամը 20-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունն ավարտվեց, ընտրատեղամասերը փակվեցին, րոպեներ անց կսկսվի ձայների հաշվարկը։
Շուտով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի քվեարկությանը մասնակցած ընտրողների վերջնական թիվը։
Հիշեցնենք, ժամեր առաջ ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2,566,730 ընտրող:
Սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն՝ «հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ, քվեարկել է ընտրողների 50.51%-ը
Երևանի, Արարատի, Կոտայքի, Շիրակի մարզերի մի քանի ընտրատեղամասերում, որտեղ «Ազատության» թղթակիցները հետևում են քվեաթերթիկների հաշվարկին, գերակշռում է սահմանադրական փոփոխություններին դեմ քվեների թիվը։
- Հեղինակ՝ Սաթենիկ Կաղզվանցյան
Շիրակի մարզի թվով 29 տեղամասից սստացված նախնական տվյալները՝ այո - 3271, ոչ - 5794, անվավեր 445:
- Հեղինակ՝ Նանե Սահակյան
Զեյթունի թիվ 3/20 ընտրատեղամասում այս ժամի դրությամբ ձայների հաշվարկը դեռ չի սկսվել, որովհետև ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Հասմիկ Խաչատրյանը վատառողջ է:
Թեև նրա տեղակալը պնդում է, որ նախագահի պարտականություններն իրեն չեն փոխանցվում և առաջարկում է սպասել մինչև նախագահը լավանա, դիտորդները հայտարարում են, որ օրենքի պահանջն է հաշվարկը սկսելը: