Մատչելիության հղումներ

Լայվբլոգ․ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե

Դեկտեմբերի 6-ին ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:

Այսօր ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2.550.323 ընտրող:

Կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները հրապարակելու է դեկտեմբերի 7-ին մինչև ժամը 20:00-ն:

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39.17 տոկոսը, կամ՝ 1,005,333 ընտրող:

Ամենապասիվը Շիրակի մարզն է, որտեղ ընտրողների միայն 31.82 տոկոսն է մասնակցել:

Երևանցիների 36.10 տոկոսն է մասնակցել քվեարկությանը:

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39.17 տոկոսը, կամ՝ 1,005,333 ընտրող:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ամենակտիվը սյունեցիներն են՝ 51.11 տոկոս, ապա Արարատի և Վայոց ձորի ընտրողները՝ համապատասխանաբար 50.52 և 45.14 տոկոս:

Ոստիկանությունից հաղորդում են․ - «Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում «ilur.am»-ի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում թիվ 10/20 ընտրական տեղամասում վստահված անձ Դավիթ Սիմոնյանը դիտավորությամբ հարվածել ու կոտրել է իր տեսախցիկը և վնասել լրագրողական վկայականը: Դ. Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն»:

Ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24.26 տոկոսը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ամենակտիվը սյունեցիներն են, ապա Արարատի և Վայոց ձորի ընտրողները, երևանցիների 23.24 տոկոսն է մասնակցել քվեարկությանը:

«Ազատության» ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ․

Ոչ-ի համատեղ շտաբի հայտարարությունը

«ՈՉ»-ի համատեղ շտաբը բազմաթիվ ահազանգեր է ստանում ընտրատեղամասերից՝ կապված «լրացուցիչ ցուցակների» հետ։ Վերջիններս նախապես պետք է կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր, իրերի բերմամբ, այդ օրը իրենց բնակավայրում չէին կարող լինել՝ նրանց քվեարկությունը գտնվելու վայրում ապահովելու համար։ Պարզվում է, որ այդ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված են շատ մեծ թվով մարդիկ գյուղական վայրերից, ովքեր քվեարկելու իրավունք են ստացել Երեւանում։ Ընդ որում՝ Երեւանի յուրաքանչյուր տեղամասի «լրացուցիչ ցուցակում» հայտնվել են հենց որոշակի մեկ գյուղական համայնքի տասնյակ ընտրողներ։ Սա նշանակում է, որ գործ ունենք ընտրակեղծիքի նախապես մտածված հնարքի հետ։ Եւ հատկանշականն այն է, որ այս պահի դրությամբ, «լրացուցիչ ցուցակներով» քվեարկությանը մասնակիցների ակտիվությունը մի քանի անգամ գերազանցում է սովորական ցուցակներով քվեարկողների ակտիվությանը։

Ակնհայտորեն որպես ընտրակեղծիքի մեխանիզմ մտահղացված այս մեքենայության վրա ենք հրավիրում հանրապետության Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Դատախազության ուշադրությունը։ Այս ապօրինության համար պատասխանատվությունն ընկնում է առաջին հերթին ոստիկանության վրա, որը կազմել է այս ցուցակները, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ դատախազության վրա, որոնք համապատասխան հսկողություն չեն իրականացրել։

«Ազատության» թղթակիցների աշխատանքը Կոմիտասի Բուդաղյան փողոցում գտնվող «Այո»-ի շտաբի դիմաց խոչընդոտում էր մի տարեց կին, որը պահանջում էր չնկարահանել և հեռանալ այդտեղից, վիրավորում էր լրագրողին: Դա շարունակվեց շուրջ 20 րոպե, ընդ որում՝ շտաբի մոտ խմբված անձանցից որևէ մեկը չէր փորձում միջամտել: «Ազատությունը» ահազանգել է ոստիկանություն, դատախազությունից հայտնեցին, որ գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել:

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը այսօր ընտրատեղամաս էր եկել իր խոսքով՝ իր քվեաթերթիկին տեր կանգնելու համար: Մանրամասներն՝ այստեղ:

Ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, որում պարզաբանում է թիվ 9/11 ընտրական տեղամասի ցուցակներում առկա՝ այլ համայնքներում հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը․ - «ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է իրավական հնարավորություն, համաձայն որի համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը 2015 թվականի նոյեմբերի 29-ն էր: 9/11 ընտրական տեղամասի՝ ըստ գտնվելու վայրի քվեարկելու լրացուցիչ ցուցակում ընդգրկված են 81 անձինք, ովքեր բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են այլ համայնքներում: Ընդ որում, նշված ցուցակում չեն կարող ընդգրկվել Երևան համայնքում հաշվառված անձինք, քանի որ ՀՀ ընտրական օրենսգիրքը բացառում է նույն համայնքի տարածքում ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորություն (Երևանը մեկ համայնք է): Անհրաժեշտ է նշել ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ: Վերը նշված նորմի պահանջները ապահովելու նկատմամբ հանրային վերահսկողություն կիրառելու համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված են հստակ մեխանիզմներ: Մասնավորապես, հիմնական և լրացուցիչ ցուցակները փակցվել են տեղամասերում, դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել ամբողջական ցուցակները և համոզվել, որ անձի տվյալները ընդգրկված են միայն մեկ տեղ և մեկ ցուցակում: ՀՀ ոստիկանությունը ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պարբերաբար հրապարակել է քվեարկությանը մասնակցող անձանց ընդանուր թիվը, այդ թվում նաև լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը՝ ըստ լրացուցիչ ցուցակների տեսակների: Կոչ ենք անում հրապարակումներ տարածելուց առաջ հետևել ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավական մեխանիզմներին»:

Ժամը 11-ի դրությամբ Ոստիկանությունն ուսումնասիրում է խախտումների վերաբերյալ ստացված 31 ահազանգերը: Դրանց գերակշիռ մասը՝ 20-ից ավելին, լրատվամիջոցների հաղորդումներն են, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրուցի ընթացքում հայտարարեց Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը:

5-ը, ըստ Ոստիկանության ներկայացուցչի, քվեարկությանն ուղղորդելու, 4-ական լրագրողական ու դիտորդական գործունեության խոչընդոտման, 3-ը՝ ընտրակաշառք տալու փորձի մասին են։ Կատարվում են համապատասխան ստուգումներ։ Ձերբակալվածներ չկան։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG