Իրանի հեղինակավոր հոգևոր սպասավորներից այաթոլա Սեյեդ Յուսեֆ Թաբաթաբայ-Նեժադը քննադատել է նախագահ Հասան Ռոհանիին այն բանի համար, որ վերջին ժամանակաշրջանում երկրում մեծ թվով կանայք սկսել են աշխատել տարբեր հիմնարկներում և ներգրավվել քաղաքական ասպարեզում։
Իրանական մամուլը վկայակոչել է այաթոլային, ով ասել է, թե այդ միտումը վնասակար է երկրի համար։ «Ինչո՞ւ են մարդիկ այդքան պնդում կանանց աշխատատեղեր ստեղծելու վրա, երբ մեր երկրում կան այդքան գործազուրկ տղամարդիկ։ Իսլամական երկրում տղամարդը պետք է սատարի կնոջը, այլ ոչ թե հակառակը»,- հայտարարել է այաթոլա Թաբաթաբայ-Նեժադը և ավելացրել՝ «աշխատող կինն անկախություն է ձեռք բերում, իսկ դա նպաստում է ամուսնալուծությունների թվի աճին»։
Նրա համոզմամբ, աշխատանքի շուկայում հարկ է նախապատվությունը տալ տղամարդկանց, իսկ կանանց պետք է արգելել աշխատել նախարարություններում, ընկերություններում և խանութներում։