Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ-ն պաշտոնապես հերքում է ադրբեջանական կողմի «հեքիաթները»


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 120 մմ հրանոթներից, 60, 82 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և "Մուխա" տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց:

ԼՂ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

«Բացի հրադադարի ռեժիմի վերը նշված խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդը ձեռնարկել է մի շարք հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում կանխվել են: Հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Հատկանշական է, որ ադրբեջանական քարոզչությունը, փորձելով պարտակել սեփական զինուժում առկա կորուստներն ու իրենց բարոյալքված զինուժի մարտական ոգին բարձրացնելու համար, տարածել է «իրենց հաղթական գործողությունների» մասին տեսագրություն՝ չմոռանալով նշել, որ այդ հրետանային հարվածների հետևանքով պաշտպանության բանակում կան բազմաթիվ զոհեր՝ մասնավորապես հիշատակելով՝ բանակի լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ջալալ Հարությունյանի անունը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է տվյալ հրապարակման՝ իրականության հետ ոչ մի կապ չունենալու մասին: Գնդապետ Ջալալ Հարությունյանն իր աշխատասենյակում է և հաջողությամբ կատարում է իր առջև դրված խնդիրները: Ուղղակի ադրբեջանական քարոզիչները դեռևս գտնվում են «Հազար ու մի գիշեր» հեքիաթի ազդեցության տակ և հերթական անգամ փորձում են ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն: Ավելի ուշ, կներկայացնենք գնդապետ Ջալալ Հարությունյանի մեկնաբանությունը իր շուրջ տարածված ապատեղեկատվության և առաջնային գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին»,- փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության պաշտոնական կայքէջը:

Մանրամասները, այդ թվում՝ գնդապետ Ջալալ Հարությունյանի մեկնաբանությունները, տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG