Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ․ ԻՊ-ի նավթի հիմնական սպառողը Թուրքիան է


Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնով, արխիվ
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնով, արխիվ

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» (ԻՊ) կողմից գողացվող նավթի հիմնական սպառողը Թուրքիան է: Այդ մասին այսօր Մոսկվայում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

«Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում հայտարարել են նաև, որ «Իսլամական պետության» զավթած նավթահանքերից վառելիքի ապօրինի մատակարարումների համակարգում ներգրավված են Թուրքիայի առաջնորդը և նրա ընտանիքը:

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում ասել են, որ իրենց հայտնի է Սիրիայից Թուրքիա նավթի առաքման երեք երթուղի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել Սիրիայի տարածքից Թուրքիա նավթի ապօրինի առաքումների մասին՝ արդյունաբերական ծավալներով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զրպարտություն էր որակել այդ պնդումը և վստահեցրել, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ռուսական կողմն ապացուցի դա:

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում այսօր հրավիրված ասուլիսի մասնակիցները նաև հայտարարել են, որ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի տարածքից «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները համալրվել են շուրջ երկու հազար զինյալներով, ավելի քան 120 տոննա ռազմամթերքով և 250 միավոր տարբեր նշանակության ավտոմոբիլային տեխնիկայով:

Վկայակոչելով հետախուզական «հավաստի տվյալները»՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները շեշտել են, որ Թուրքիան «նման միջոցառումներ անցկացնում է տևական ժամանակ և կանոնավոր հիմքի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG