Մատչելիության հղումներ

Սիրիայի Արիհա քաղաքում օդային հարվածներից առնվազն 30 մարդ է զոհվել


Սիրիա - «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալների հսկիչ անցակետը Արիհայում, մայիս, 2015թ․
Սիրիա - «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալների հսկիչ անցակետը Արիհայում, մայիս, 2015թ․

Երեկ Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի Արիհա բնակավայրում ենթադրաբար ռուսական օդուժի հարվածներից առնվազն 30 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ապստամբների կողմից վերահսկվող այդ շրջանի փրկարարներին:

Ըստ նույն աղբյուրի՝ օդային հարված է հասցվել Արիհայի շուկային:

«Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ զոհվածների թվում չորս երեխա կա և «ընդդիմության մի ղեկավար անդամ»:

Տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություններ ռուսական կողմից Reuters-ը դեռ չի ստացել:

Իդլիբը ապստամբների, այդ թվում՝ «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման վերահսկողության տակ է անցել ամիսներ առաջ:

Սիրիայում ռուսական օդուժը, հիշեցնենք, ուժեղացրել է հարվածները Թուրքիայի սահմանի մերձակայքում՝ անցած շաբաթ թուրքական զինուժի կողմից ռուսական օդանավի խոցման միջադեպից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG