Թեև պաշտոնական Մոսկվան արդեն երեկ հայտարարել էր, որ Թուրքիայի դեմ պատերազմ չի սկսելու, հակաթուրքական հայտարարությունները Ռուսաստանում շարունակվում են:
Ռուսաստանի քաղաքական գործիչներն հիշել են անգամ Հայոց ցեղասպանության մասին․ Պետդումայում պատրաստվում են քննարկել Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու մասին օրինագիծ։
Ռուսաստանը, ինչպես այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը, սպասում է, որ Թուրքիան ներողություն խնդրի երկու օր առաջ թուրք-սիրիական սահմանին ՍՈւ-24 օդանավը կործանելու համար, խոստանա պատժել մեղավորներին և փոխհատուցել վնասը:
Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հավելել է, թե այն, որ Անկարան մինչև այժմ չի արել դա, տպավորություն է ստեղծում, որ Թուքիայի ղեկավարությունը «գիտակցաբար փակուղի է մտցնում ռուս-թուրքական հարաբերությունները»:
Վլադիմիր Պուտինի հայտարարությանը հետևել է նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը․ վարչապետը կառավարությանը հանձնարարել է երկու օրվա ընթացքում մշակել «հակաթուրքական միջոցառումների ծրագիր»:
Նախատեսվող պատժամիջոցները լինելու են տնտեսական և հումանիտար ոլորտում: «Խոսքը ֆինանսական և ներդրումային նախագծերի մասին է», - ընդգծել է Ռուսաստանի վարչապետը:
Նախատեսվում է, որ Ռուսաստանը կհրաժարվի բոլոր այն նախագծերից, որոնք ենթադրում են մեծ ներդրումներ՝ «Թուրքական հոսք» նախագծից և Թուրքիայում ատոմակայանի կառուցման ծրագրից: