Մատչելիության հղումներ

Կործանված Су-24-ի փրկված օդաչուն պնդում է՝ թուրքական կողմը որևէ զգուշացում չի հնչեցրել


Սիրիա - Կործանված Су-24-ի օդաչու Կոնստանտին Մուրախտինը (կենտրոնում) «Հմեյմիմ» ռազմաբազայում պատասխանում է լրագրողների հարցերին, Լաթաքիա, 25-ը նոյեմբերի, 2015թ.
Սիրիա - Կործանված Су-24-ի օդաչու Կոնստանտին Մուրախտինը (կենտրոնում) «Հմեյմիմ» ռազմաբազայում պատասխանում է լրագրողների հարցերին, Լաթաքիա, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Թուրքական կողմն էլ ձայնագրություն է հրապարակում:

Չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանի առաջատար հեռուստաընկերությունները վերջապես հրապարակեցին թուրքական օդուժի կողմից կործանված Су-24-ի անձնակազմի փրկված անդամի ինքնությունը` հրապարակելով կարճ հարցազրույց նրա հետ: Ռազմական օդանավի շտուրման Կոնստանտին Մուրախտինի դեմքը, սակայն, ռուսական հեռուստաալիքները այդպես էլ չցուցադրեցին` ըստ ամենայնի անվտանգության նկատառումներից ելնելով:

«Հմեյմիմ» ռազմակայանում հավատարմագրված ռուսաստանցի լրագրողներին ակնհայտորեն կաղալով մոտեցած զինվորականը նույնությամբ կրկնում էր վերջին երկու օրերին Մոսկվայից հնչող պաշտոնական վարկածը` «թուրք-սիրիական սահմանը չենք հատել»:

«Դա բացառված է: Նույնիսկ մեկ վայրկյանով [սահմանը չենք հատել]: Առավել ևս, որ մենք թռչում էինք վեց հազար մետր բարձրության վրա, պարզ եղանակ էր, և թռիչքի ողջ ընթացքն իմ կողմից վերահսկվում էր: Թե՛ վիզուալ և թե՛ քարտեզներով ես հստակորեն տեսնում էի, թե որտեղ է սահմանը: Թուրքիայի տարածք մուտք գործելու վտանգ անգամ չկար», - ասում էր Մուրախտինը` հերքելով նաև պաշտոնական Անկարայի կողմից հնչեցվող մեկ այլ պնդում, որի համաձայն՝ թուրքական կողմը տասը անգամ զգուշացրել էր ռուսական օդանավի անձնակազմին` հրթիռային հարված հասցնելուց առաջ:

«Իրականում ոչ մի նախազգուշացում չի եղել` ոչ ռադիեթերում, ոչ էլ վիզուալ: Ընդհանրապես [թուրքական կողմի] հետ որևէ կոնտակտ չի եղել: Պետք է հասկանալ, թե ինչ արագություն ունի ռմբակոծիչը և ինչ արագություն է զարգացնում F-16 կործանիչը: Եթե ցանկանային մեզ զգուշացնել, պարզապես կարող էին թռչել զուգահեռ ուղեգծով` ի ցույց դնելով իրենց առկայությունը: Իսկ հրթիռը անսպասելիորեն հարվածեց մեր օդանավի պոչային հատվածին», - պնդում էր ռուս օդաչուն:

Գրեթե նույն ժամերին, երբ ռուսական հեռուստաընկերությունները կործանված օդանավի անձնակազմի փրկված անդամի հետ հարցազրույցն էին հեռարձակում, Անկարան հրապարակեց թուրքական F-16-ի օդաչուի` ռուսական օդանավի անձնակազմին ուղղված նախազգուշացման ձայնագրությունը: Թուրքական կողմը պնդում է, որ այս ձայնագրությունն արվել է Су-24-ին հրթիռային հարված հասցնելուց հաշվված վայրկյաններ առաջ: «Դուք մոտենում ենք Թուրքիայի օդային տարածքին: Անմիջապես փոխեք ձեր ուղեգիծը», - դիմելով Су-24-ի անձնակազմին՝ ասում էր թուրք օդաչուն:

Նշենք, սակայն, որ չնայած կրած կորստին՝ ռուսական կողմը ոչ միայն չի դադարեցնում օդային հարվածները Թուրքիայի և Սիրիայի սահմանագծին, այլև ավելի է ակտիվացնում այստեղ ձեռնարկվող գործողությունները: Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ռուսական օդանավերը հրթիռակոծել են Թուրքիայից Սիրիայի` ապստամբների կողմից վերահսկվող շրջան ուղևորվող բեռնատարների շարասյունը: Թուրքական կողմը պնդում է, որ շարասյունը մարդասիրական օգնություն էր տեղափոխում:

Համացանցում հայտնված տեսագրության մեջ երևում են այրվող բեռնատարները, լսվում է օդային հարվածի հետևանքները տեսագրող տղամարդու ձայնը, ով պնդում է, որ ռմբակոծությունն իրականացրել են ռուսական օդանավերը: Թուրքական մամուլի տեղեկություններով՝ այս հարվածի հետևանքով 7 մարդ զոհվել է, ևս 10 վիրավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG