Մատչելիության հղումներ

Բնակիչները պնդում են, որ «ընկել են «Գլենդել Հիլզ»-ի թակարդը»


Նրանք ասում են՝ 7 տարի շարունակ «Գլենդել Հիլզ»-ն իրենց պարտքերի մեջ է գցել, խճճել մաթեմատիկական բարդ հաշվարկներով:

«Էս կիսակառույց շենքերը տեսնո՞ւմ եք, որ մենակ սյուներն են կանգնած. դրանցից մեկը մեր շենքն ա: 2008-ից մինչև էսօր շենք չկա, հույս էլ չունենք, որ կլինի»,- «Ազատության»-ը պատմում է Անահիտ Մնացականյանը։

Նա միակը չէ, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունից վարկով բնակարան է գնել Արգիշտի թաղամասում, բայց բնակարանը հանձնելու ժամկետից տարիներ անց ոչ տունը կա, ոչ էլ սեփականաշնորհման վկայականը, թեպետ շարունակում են մուծել վարկը: Բնակիչների մի մասն էլ բնակարանները ստացել են առանց փաստաթղթի ու մտավախություն ունեն, որ ցանկացած պահի կարող են փողոցում հայտնվել:

«Փաստորեն իմ բնակարանը առանց թույլտվության գրավ են դրել «Ամերիա» բանկում»,- մտահոգվում է բնակիչներից մեկը։

Տիկին Անահիտն ասում է՝ իրեն ու բախտակից հարևաններին ընկերությունը համոզել է բնակարանների ողջ գումարը մուծելու համար վարկ վերցնել VTB բանկից, փոխարենը՝ պարտավորվելով մուծել վարկի տոկոսագումարները: Սկզբում ընկերությունը մուծել է դրանք, հետո ուշացրել, այնուհետև առհասարակ հրաժարվել ստանձնած պարտավորությունից:

«Մեկ տարի «Գլենդել Հիլզ»-ը իր պարտավորությունները կատարեց տոկոս վճարելով։ Ութ ամիս մենք չեն իմացել, որ «Գլենդել Հիլզ»-ը տոկոսները չի վճարում։ Ծանուցագիր ենք ստանում, որ VTB բանկը մեզ դատի է տվել տոկոսները չվճարելու համար»։

Բնակիչներից ոմանք էլ պատմում են, որ ստացել են իրենց տները, բնակվում են այնտեղ, վերանորոգում ու կարգի բերում, սակայն բավական չէ, որ «Գլենդել Հիլզ»-ից այդպես էլ չեն ստացել իրենց սեփականաշնորհման վկայականները, դեռ մի բան էլ՝ «Ամերիա» բանկից զգուշացում են ստացել, որ իրենց գործերը շուտով դատարան կմտնեն: Պարզվում է, որ «Գլենդել Հիլզ»-ը գրավ է դրել արդեն վաճառված տների վկայականներն ու «Ամերիա» բանկից վարկ վերցրել:

Լալա Էլարյանը տարակուսած է՝ VTB բանկի մուծումները չի ուշացրել, իսկ «Ամերիա» բանկի հետ պարտավորություն չի ստանձնել, ինչո՞ւ պետք է «Գլենդել Հիլզ»-ի պարտքն ինքը մուծի։

«Որպեսզի իմ սեփականության վկայագիրը ես ստանամ, ես պետք է «Ամերիա»-ին 9600 դոլար հավելավճար վճարեմ, ըստ իմ քառակուսների գումարի»,- ասում է Էլարյանը։

Բնակիչները պնդում են՝ 7 տարի շարունակ «Գլենդել Հիլզ»-ն իրենց պարտքերի մեջ է գցել, խճճել մաթեմատիկական բարդ հաշվարկներով: Իրենք էլ Ֆեյսբուքում «Գլենդել Հիլզ»-ից տուժածների» խումբ են բացել ու պատրաստվում են պայքարել իրենց իրավունքների համար: «Թակարդ էր, ընկանք էդ թակարդը»։

«Ազատության» գրավոր հարցմանը, որում կետ առ կետ ներկայացված էին բնակիչների առաջ քաշած խնդիրները, «Գլենդել Հիլզ»-ից ընդամենը պատասխանեցին, որ «Ամերիա» բանկից վարկ են վերցրել՝ գրավ դնելով Արգիշտի 17 հասցեի 4 շենքերը, հետագայում դոլար-դրամ փոխարժեքի տատանումից ընկերությունը ֆինանսական վնասներ է կրել ու այսօր չի կարողանում գրավից ազատել բնակիչների անշարժ գույքը:

«1 քմ-ի դիմաց վնասի չափը կազմում է 600 ԱՄՆ դոլար, որից 425 դոլարն ընկերությունը վերցրել է իր վրա, մնացած 175-ը առաջարկելով փոխհատուցել բնակիչներին», - ասված է «Գլենդել Հիլզ»-ի գրավոր պատասխանում:

XS
SM
MD
LG