Մատչելիության հղումներ

Հանրային գերակա շահի զոհերը կրկին բողոքում են


Մի քանի տասնյակ ցուցարարները վարչապետի հետ հանդիպում էին պահանջում: Հովիկ Աբրահամյանը, սակայն, նրանց չընդունեց:

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ցույցի էին հավաքվել անցած տարիներին հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում իրենց տներից զրկված 33-րդ թաղամասի, Կոնդի, կենտրոնի այն հատվածի բնակիչները, որտեղ այժմ Հյուսիսային պողոտան է:

Բողոքավորները պահանջում են կա՛մ իրենց հատկացնել խոստացված բնակարանները, կա՛մ վճարել համարժեք փոխհատուցում:

«Մենք այսօր տուն չենք գնալու: Մեր բնակարանները վերցրել են, 8 տարի է դրսում ենք: Ամեն օր գալու ենք, նստենք ստեղ, մինչև մեր տները տան», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մի կին:

Մեկ այլ կին պատմեց․ - «Ես ապրել եմ Բուզանդի փողոցում: Քառակուսի մետրը շատ ա եղել՝ 220: 2007 թվից երկու տարի պայքարել եմ, 2009 թվականին մի կերպ մի բնակարան Գինու գործարանում ստացել եմ, երկու բնակարան էլ պետք է ստանայի 33-րդ թաղամասում, որը չի կառուցվում»:

Նունե Կարապետյանը շատերի նման հոգնել է խոստումներից։ 37-ամյա կինը ցավով ցույց է տալիս Երևանի կենտրոնում՝ 33-րդ թաղամասում գտնվող իր նախկին տունը, որ հիմա ավերակների է վերածվել։ 8 տարի առաջ կառավարությունը որոշեց օտարել այն՝ խոստանալով 3 տարում նոր բնակարան հատկացնել էլիտար շենքում։ Վերջնաժամկետը վաղուց արդեն սպառվել է, մինչդեռ նորակառույցի հիմքն անգամ չկա։ «Գլենդել Հիլզ»-ի հետ կնքված պայմանագիրը երիտասարդ կնոջ համար արդեն ոչինչ չի նշանակում․ - «Թղթի մի կտոր է․․․ Բայց կան ստեղ ներկա դրությամբ մարդիկ, որ մինչև օրս ապրում են ստեղ, դուրս չեն գալիս: Վախենում են, որովհետև մենք իրանց համար վառ օրինակ ենք, որ հիմա փողոցում ենք: Մենք բազմիցս ասացինք՝ մեզ շինանյութ տրամադրեք, մենք նորից գանք, մեր տները սարքենք, ապրենք: Որովհետև մեր համար ավելի լավ ա մենք էդ ձևով տուն ունենանք, քանց թե փողոցում մնանք: Ասացին՝ չի լինի»:

Երկու երեխաների հետ տարիներ շարունակ վարձով բնակվող կինն արդեն հույս չունի, որ բնակարան կստանա։ Պահանջում է գոնե դրամական փոխհատուցում, որ կարողանա թեկուզ մայրաքաղաքի ծայրամասում սեփական տանիքն ունենալ:

«Կոնկրետ ես չեմ հավատում», - ասաց Կարապետյանը: - «Մինչև ինձ չկանչեն, ասեն՝ արի, Նունե ջան, փոխհատուցումդ էղել ա, էսինչ բանկով կգնաս կստանաս, այդ ժամանակ, երբ որ կգնամ, գումարը կստանամ, պայմանագիրս նոտարով կխզեմ»:

Ամիսներ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր ցուցարարներին ու խոստացել, որ մինչև սեպտեմբերի վերջը դրամական փոխհատուցում կստանան խոստացված բնակարանների դիմաց: Մինչև այսօր, սակայն, ըստ բնակիչների, «Գլենդել Հիլզ»-ը որևէ քայլ չի անում այս ուղղությամբ:

Հովիկ Աբրահամյանի հետ կրկին հանդիպում պահանջող ցուցարարներին այսօր ընդունեց վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը: Կառավարության շենքում մոտ մեկ ժամ շարունակված քննարկումից, սակայն, Նունե Կարապետյանը զայրացած դուրս եկավ․ - «Ոչ մի ռեալ բան չկա․․․ Ասում եմ՝ ո՞ւր ա կառավարության որոշումը, ասում ա՝ պետք չի կառավարության որոշում․․․ Ո՞նց պետք չի․․․ Եթե ռեալ չի կառուցվում էդ շենքը, չպիտի՞ նորից կառավարության որոշմամբ, սևով սպիտակի վրա գրված ցույց տան բնակիչներին, որ լինելու ա փոխհատուցում․․․ Այդ դա ենք մենք ուզում»:

Ըստ դատական տեղեկատվական համակարգի, «Գլենդել հիլզ»-ը սնանկ ճանաչելու վերաբերյալ մի քանի գործեր կան դատարաններում։ Դեռևս վճիռ այս մասին չկա։

Իսկ «Գլենդել Հիլզ»-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ Երևանի 33-րդ թաղամասի բնակիչների փոխհատուցումը տրամադրում են իրենք, և, ինչպես հայտարարվել է նախապես, փոխհատուցումը կտրամադրվի մինչև սեպտեմբերի 30-ը:

Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ կնքվել է 247 պայմանագիր, մինչև հիմա տրամադրվել է 186 բնակարան:

XS
SM
MD
LG