Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ «հեպատիտ c»-ով վարակվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, քննությամբ պարզվել են վարակի տարածման եղանակը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, և ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 անձի մեղադրանք է առաջադրվել։
«2015 թ․ հունվարին տեղեկություն էր ստացվել, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիների մոտ նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո ախտորոշվել է «հեպատիտ c» հիվանդություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվել են տարբեր քննչական գործողություններ, նշանակվել են շուրջ 5 տասնյակ փորձաքննություններ՝ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: