Ահաբեկիչները չունեն սիրիացի ժողովրդի աջակցությունը, նրանց ուժն այն օժանդակության մեջ է, որ ստանում են հարևան և արևմտյան երկրներից, իսկ պատրաստվում են ահաբեկիչները Թուրքիայի, Քաթարի և Սաուդյան Արաբիայի օգնությամբ: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը իտալական Rai հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ ահաբեկիչները գլխավոր խոչընդոտն են Սիրիայում ցանկացած քաղաքական առաջընթացի ճանապարհին, և իմաստ չունի սահմանել քաղաքական կարգավորման որևէ ժամկետներ, քանի դեռ արմատախիլ չի արվել ահաբեկչությունը:
Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ Ասադը, սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, Rai-ի հարցազրույցում ասել է․ - «Դա սարսափելի ոճիր է: Այդպիսի իրադարձություններ Սիրիայում տեղի են ունենում արդեն հինգ տարի: Սիրիացի ժողովուրդը իր ցավակցությունն է հայտնում ֆրանսիացիներին, ինչպես վերջերս ցավակցում էր լիբանանցիներին, եմենցիներին և ռուսաստանցիներին, որոնք կորցրեցին իրենց հարազատներին և մտերիմներին Սինայի վրա, բայց ցավակցո՞ւմ է արդյոք աշխարհը սիրիացիներին, որոնք տեռորի են ենթարկվում արդեն հինգ տարի․․․ Ես կարծում եմ, որ չի կարելի քաղաքականացնել զգացմունքները»: