Ուկրաինայի այժմ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը անձամբ էր որոշում կայացրել 2013 թվականի նոյեմբերի լույս 30-ի գիշերը Եվրոմայդանը ցրելու մասին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի հատուկ քննչական ծառայության ղեկավար Սերգեյ Գորբատյուկը:
Նրա խոսքով՝ Յանուկովիչն էր հրամայել այն ժամանակ ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյին ու Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևին ցրել բողոքի ակցիան:
2013-ի նոյեմբերի 30-ի գիշերը «Բերկուտ» ջոկատը ցրեց Մայդանի բողոքի խաղաղ ակցիան, ոստիկանության գործողությունների հետևանքով տուժեց 84 մարդ՝ ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ցանկություն էր հայտնել ծանոթանալ Մայդանում տեղի ունեցած հանցագործությունների հետաքննության արդյունքներին: